Բացվել է ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել, և արդյունքներն էլ ակնառու են: Եթե հիշենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինչպիսին էին արդյունքները հինգ տարի առաջ, ապա այսօր կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց: Ընդ որում` կարող ենք արձանագրել, որ դա առաջընթաց է նաև միջազգային համեմատությունների մեջ»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանի Հանրապետությանը և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ դրան մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում՝ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, որոնք մեր երկրին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում:
«Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ տարեկան 10-15-տոկոսանոց աճ ապահովող ՏՏ ոլորտն այսօր կառավարության առջև առաջին հերթին դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ մրցակցությունն այս բնագավառում ուժգնանում է առաջին հերթին բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Դրա համար կադրերի պատրաստման քաղաքականությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է և պետական պատվերը տեղաբաշխելիս կամ բուհերի ծավալային ընդլայնման խնդիրները պլանավորելիս առաջնահերթություն է տրվում հենց ՏՏ բնագավառին:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է հանդիսանում այս ոլորտի զարգացման համար:
Տիգրան Սարգսյանն առանձնացրել է ձեռնարկությունների պետական ռեգիստրում և կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը:
Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ՝ երրորդ ուղղությունը, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ-ի կիրառում՝ հարկային և մաքսային բնագավառն է, ինչը մի կողմից կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետ՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ այդ համակարգը դարձնում թափանցիկ և վերահսկելի:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Հայաստան: Բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 ՀԴՄ-ներ, որոնք ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս ոչ միայն իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, այլև քարտային վճարումներ, հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին:
Միաժամանակ, սկսած 2014թ. հունվարի մեկից` 60 հազ. փոքր և միջին ձեռնարկություններ ևս հնարավորություն կունենան օգտվել այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում:
«ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որպեսզի ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:
Civilnet










