Գլխավոր Լրահոս

Կճոյանն ու Սուքիասյանն առնվազն երկու անգամ եղել են Կիպրոսում

Կճոյանն ու Սուքիասյանն առնվազն երկու անգամ եղել են Կիպրոսում

Էդիկ Բաղդասարյան․ «Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պետք է հայտարարեն, որ Կճոյանը չի կարող լինել եկեղեցու անդամ, իսկ եթե ձայն չեն հանում, ուրեմն իրենք էլ «Բենթլի» ունեն կամ էլ` այն ստանալու ակնկալիք»:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը (Սամվել Կճոյան) գործարար Աշոտ Սուքիասյանի հետ [որը Կճոյանի սանիկն է  - ՍիվիլՆեթ] առնվազն երկու անգամ եղել է Կիպրոսում, ինչը 100 տոկոսով ապացուցված փաստ է, և այդ տեղեկությունը ճշտված է  նրանց` օդանավակայան ուղեկցողներից. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման հայտարարություն արեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Հետքը» սկանդալային հետաքննական հոդված էր հրապարակել, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սամվել Կճոյանի անունները կապված են օֆշորային մի գործարքի հետ, որի արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը:

Օֆշորային սկանդալում ներգրավված Նավասարդ Կճոյանը հերքել է իր մասնակցությունը օֆշորային գործարքին:

«Հիմա Կճոյանը կարող է ասել, որ չի եղել Կիպրոսում. այդ դեպքում մեզ կմնա, ասենք՝ լուսանկար հրապարակել: Բայց հիմա ինքը չի էլ կարող ասել, որ չի եղել, քանի որ նա անցել է անցակետը, ինչն իրավապահները կարող են ստուգել»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե Աշոտ Սուքիասյանը նաև թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենա է նվիրել Նավասարդ Կճոյանին, Բաղդասարյանն ասաց, թե «վերջինիս դեպքը հայոց պատմության եզակիներից է»: «Հետքի» խմբագրի խոսքով՝ «եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները պետք  է հայտարարեն, որ Կճոյանը չի կարող լինել եկեղեցու անդամ, իսկ եթե ձայն չեն հանում, ուրեմն իրենք էլ «Բենթլի» ունեն կամ էլ` այն ստանալու ակնկալիք»:

Բաղդասարյանի խոսքով` իրենք այլ հիմքեր էլ ունեն չհավատալու Նավասարդ Կճոյանի հայտարարությանը, թե ինքը կապ չունի օֆշորային գործարքի հետ. մի քանի տարի առաջ նրա անունը կապված է եղել զենք ունենալու հետ, ինչը սկզբում նա հերքել է, սակայն փաստեր ներկայացնելուց հետո` խոստովանել:

Էդիկ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք` որպես օֆշորային հետաքննության հեղինակներ, չափազանց զգույշ են տվյալներ հրապարակելիս և ստուգում են տվյալ լուրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը, քանի որ «յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել»:

«Մենք կեղծիքներ չենք հրապարակում: Մենք ապուշ չենք. ո՞նց կարելի է պետռեգիստրի թղթերը կեղծել և հրապարակել»,- ասաց նա:

Բաղդասարյանի կարծիքով` «հայկական օֆշորի» պատմությունը նախադեպային է, քանի որ համաշխարհային մակարդակում չի եղել դեպք, երբ օֆշորային բաժնետերերից մեկը հայտարարի, թե ինքը տեղյակ չէ օֆշորում իր անունով գրանցված ընկերության մասին:

«Հայկականը դրանով էր առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսն ասել են, թե իրենք տեղյակ չեն»,- նկատեց «Հետքի» խմբագիրը:

Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ հունիսի 17-ին հետախուզում է հայտարարվել Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Hetq.am-ին` նշելով, որ ինքն է բաժնեմասեր գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և համաձայնության, որպեսզի «երաշխավորի իր բիզնեսի անվտանգությունը»: 

Լուսանկարը` PanArmenian.Photo-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում