Samsung-ը ներկայացրել է Ativ Q արտասովոր գաջեթը

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը Լոնդոնում ներկայացրել է 13-դյույմանոց էկրանով նոր` ATIV Q տրանսֆորմերը, հաղորդում է Mashable-ը:
Նորույթն ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջին հերթին, այն 3200х1800-պիքսելանոց և 13,3-դյույմանոց սենսորային էկրանն է, որը բացարձակ ռեկորդ է սահմանել: Մինչ այժմ ամենաբարձր որակի էկրանն ուներ ամերիկյան Apple ընկերության MacBook Pro (Retina Display) նոութբուքը` 2560х1600 պիքսել:
Samsung ATIV Q-ն հնարավոր է օգտագործել 4 տարբեր ռեժիմներում` պլանշետ, նոութբուք, հաղորդակցվողի կողմ թեքվող էկրան, ինչպես նաև ստեղնաշարին զուգահեռ դիրքում գտնվող էկրան:
Մյուս առանձնահատկությունը Android (4.2.2) օպերացիոն համակարգի և Android բջջային ծրագրի օգտագործման հնարավորությունն է: Հատկանշական է, որ Android-ն աշխատում է Windows օպերացիոն համակարգի ներսում` որպես բջջային ծրագիր: Android Jelly Bean-ից Windows համակարգ տեղափոխվելու համար հարկավոր է ընդամենը սեղմել Start կոճակը: Android բջջային ծրագրերի մատչումը նույնպես կարելի է ստանալ Windows-ի աշխատանքային էջից, իսկ ծրագրերը կարելի է բեռնել Google Play օնլայն խանութից:
Samsung ATIV Q-ի չափերն են` 327,0 x 217,8 x 13,9 մմ: Այն կշռում է 1,3 կգ, ունի 1,6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Core i5-4200U պրոցեսոր, Intel HD Graphics 4400 տեսաքարտ, 4 Գբ օպերացիոն հիշողություն, 128 Գբ ծավալով SSD հիշողության կուտակման սարք, Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth 4.0, Gigabit Ethernet (10/1000/1000 Мбит/с), USB 3.0, USB 2.0, HDMI, RJ45, microSD քարտարան:
Էկրանը հնարավոր է կառավարել հատուկ գրչի միջոցով: Գաջեթի ավտոնոմ աշխատաժամանակը 9 ժամ է:
Փորձագետները նշում են, որ նորույթը շուկայում կհայտնվի 2013թ. աշնանը: Կողմնորոշիչ գինը մոտ $1,9 հազ. է:
Թեմա
Civilnet










