Հայաստանի Գլխավոր դատախազությունը, եթե դիմի Կիպրոսի իշխանություններին, ապա վերջիններս պարտավոր են տրամադրել օֆշորում գրանցված բոլոր ընկերությունների տվյալները. հունիսի 20-ին ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Հետքը» սկանդալային հետաքննական հոդված էր հրապարակել, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի (Սամվել Կճոյան) անունները կապված են օֆշորային մի գործարքի հետ, որի արդյունքում սնանկացել է գործարար Փայլակ Հայրապետյանը: Գործարար Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ հունիսի 17-ին հետախուզում էր հայտարարվել Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Hetq.am-ին` նշելով, որ ինքն է բաժնեմասեր գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և համաձայնության, որպեսզի «երաշխավորի իր բիզնեսի անվտանգությունը»:
«Պետք է պարզել: Երկրի վարչապետի մասին է խոսքը, տուն-տունիկ պետք չէ խաղալ. եթե երկիրը լուրջ է, իրավապահ մարմինները պետք է միանգամից սկսեն դրանով զբաղվել»,- ասաց Բաղդասարյանը` նշելով, որ անգամ եթե կեղծ գրանցում են կատարել վարչապետի անունով, ապա Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզեր, թե ով է կեղծել:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարելի է հիմնվել Աշոտ Սուքիասյանի նամակի վրա, Բաղդասարյանը նշեց, որ գործարարը դեռ ցուցմունք չի տվել, միայն նամակ է գրել, և անգամ այս հանգամանքները դեռ պետք է ճշտել:
«Նամակով չես կարող փարատել քո բոլոր կասկածներ: Ինչո՞ւ ես պետք է հավատամ Աշոտ Սուքիասյանին, ի՞նչ գիտենք, որ ճիշտ է գրել: Բաներ կան, որոնք ես տեսնում եմ, որ սխալ է գրել»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյոք դատախազությունը դիմել է «Հետք»-ին գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, խմբագիրը բացասական պատասխան տվեց` նշելով, որ ինքը դրա իմաստը չի էլ տեսնում:
«Դատախազությանը մենք տվեցինք «Նաիրիտի» գործը, որն այն ուղարկեց 6-րդ վարչություն, մի քանի ամիս պահեց, քնեցրեց, հիմա էլ քննչականում է: Չգիտեմ` դատախազությունը դիմի, որ ինչ անի»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը` հավելելով, որ «Նաիրիտի» գործն իրականում նվեր էր իրավապաներին, որը ճիշտ չօգտագործվեց:
«Հետքի» խմբագիրը նշեց, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսը ևս օֆշորում ընկերություններ ունեն:
«Բազմաթիվ հայեր նույնիսկ Պանամայի օֆշորներում ընկերություններ ունեն, և չի բացառվում, որ այդ հայերի մեջ պաշտոնյաներ էլ կան,- ասաց Էդիկ Բաղդասարյանը` չմոռանալով վարչապետի հայտարարությունը, թե «Հետքի» կատարած հետաքննությունը ոչ պրոֆեսիոնալ էր: - Նոր ձեռք բերված հմտությունների հաշվին օֆշորային հետաքննություններն ավելի հեշտ ենք իրականացնում»:
Civilnet











