Գլխավոր Լրահոս

Էրդողանն ու Արևելքի մյուս առաջնորդները

Էրդողանն ու Արևելքի մյուս առաջնորդները

Մայիսի վերջերին, երբ Ստամբուլի Գեզի պուրակի մի քանի տասնյակ բնապահպանների բողոքի գործողությունները մի քանի օրվա ընթացքում վերաճեցին տասնյակհազարավորների հակակառավարական ցույցերի, միջազգային որոշ լրատվամիջոցներ շտապեցին դրանք ախտորոշել որպես «Արաբական գարնան» թուրքական տարբերակ:

Անկասկած, աշխարհի որևէ պետություն, այդ թվում՝ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող, հարյուր տոկոսով ապահովագրված չէ ժողովրդական ընդվզման սպառնալիքից, մանավանդ Թուրքիան, որը ժողովրդավարական ավանդույթներով հարուստ չէ և փաստացի՝ կիսաավտորիտար և ֆաշիստական հակումներով պետություն է, որտեղ տասնամյակներով ոտնահարվել են ինչպես քրդերի ու ալևիների, այնպես էլ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, և որտեղ վերջին հիսուն տարիների ընթացքում երեք ռազմական հեղաշրջում է իրականացվել:

Սակայն դժվար է զուգահեռներ անցկացնել մի կողմից «Արաբական գարնան» զոհ դարձած պետությունների՝ Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի ու (վերապահումներով) Սիրիայի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև: Ի տարբերություն վերոնշյալ չորս երկրների տապալված կամ դեռ կանգուն առաջնորդների՝ Բեն Ալիի, Հոսնի Մուբարաքի, Մուամար Քադաֆիի ու Բաշար Ասադի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրված վարչապետ է:

Ավելին, ի տարբերություն վերոնշյալ արաբական քառյակի, Էրդողանը նախևառաջ քաղաքական գործիչ է: Բեն Ալիի, Հոսնի Մուբարաքի, Մուամար Քադաֆիի ու Բաշար Ասադի համար կարևոր չէ՝ ունեին կուսակցություն, թե ոչ: Մինչդեռ Էրդողանը նախևառաջ հայտնի է իր կուսակցությունով ու այդ կուսակցության՝ «Արդարություն և զարգացման» չափավոր իսլամամետ գաղափարախոսությամբ:

Թուրքիայում և նրա սահմաններից դուրս գրեթե կասկած չկա, որ Էրդողանի կուսակցությունը երեք իրար հաջորդող խորհրդարանական ընտրությունները շահել է հիմնականում արդար պայմաններում, այդ ընտրությունները չեն կեղծվել ու համապատասխանել են միջազգային չափանիշներին: Իսկ ահա Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում, ընտրություններ՝ որպես իշխանափոխոխության սահմանադրական միջոց, տեղի չեն ունենում, քանի որ այդ «ընտրություններում» իշխող վարչախումբը ստանում է քվեների գրեթե հարյուր տոկոսը:

Ահա այդ պատճառով է, որ Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում ցուցարարների գրեթե հարյուր տոկոսը պահանջում էր իրենց երկրների չընտրված առաջնորդների հրաժարականը, իսկ ահա Թուրքիայում ցուցարարների մեծագույն մասը Էրդողանից պահանջում է կրոնական ու քաղաքական սահմանափակումներ չմտցնել՝ օգտագործելով իր լեգիտիմության փաստը:

Փողոց դուրս գալու իմաստով Հայաստանը ևս հարուստ ավանդույթներ ունի: Ավելին, կարելի է ասել, որ 1996թ. կեղծված նախագահական ընտրություններից հետո հայկական ընդդիմությունն ու ժողովրդի մի մեծ զանգված տուն չի գնում: Զերծ մնալով համեմատություններից՝ հատկապես արաբական երկրների հետ (ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող դառնալ Մուբարաք կամ Քադաֆի), Հայաստանում ևս ընդդիմության պահանջը եղել է հիմնականում մեկը՝ չկեղծել ընտրությունները: Հայաստանի երեք նախագահները անտեսել են հայ ժողովրդի այս երազանքն ու իղձը՝ տասնյակ հազարավորների հարկադրելով բռնել պանդխտության ճամփան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում