Փոխըմբռնման հուշագիր` կառավարության և GFI Software ընկերության միջև

Հայաստանի կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած GFI Software ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ GFI Software ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը:
Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը և նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու GFI Software ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը:
Կսռավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով` ՏՏ ոլորտը կառավարության առաջնային ուղղություններից մեկն է և վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության կենտրոնում է:
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության` 2011-ից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ: Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվն առնվազն կրկնապատկել: GFI Software ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում Հայաստանի հետագա զարգացման հնարավորությունները և ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները:
GFI Software-ը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռնում ցանցային ադմինիստրատորներին լուծել ցանցի անվտանգության և բովանդակության, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանցման հետ կապված բոլոր խնդիրները՝ ծրագրերի միասնական հավաքածուի կիրառման միջոցով:
Ընկերության նպատակն է առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք անհրաժեշտ են բիզնեսին` ՏՏ միջավայրի արդյունավետ մոնիթորինգը, կառավարումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ $200 մլն: GFI Software-ի հաճախորդների թվում են Եվրոպայի կենտրոնական բանկը, Microsoft, NASA, Volkswagen, Coca-Cola, BMW, Siemens, Fujitsu, Peugeot, Toyota, Compaq, Ericsson, Giorgio Armani, Benetton և մի շարք այլ հայտնի ընկերություններ:
Civilnet










