Հայաստանի բանկային համակարգում հունվար-մայիսին արձանագրվել է հիմնական նորմատիվային ցուցանիշների վատթարացում։ Բանկերի շահույթը կրճատվել է 32%-ով, կապիտալի համարժեքությունը նվազել է 0,5-տոկոսային կետով։ Առաջարկի շոկով պայմանավորված (գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում)՝ գնաճի արագացումը կարող է բացասաբար ազդել նաև վարկերի վերադարձելիության վրա։
Այս տարվա հինգ ամիսներին բանկերը ստացել են Դ7,6 մլրդ-ի շահույթ, որը 32%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Շահույթի նվազումը պայմանավորված է ֆինանսական շուկայում տոկոսադրույքների շեղումների խորացմամբ։ Ճգնաժամից ի վեր ավելացել են ավանդների տոկոսադրույքները և գրանցվել պետական պարտատոմսերի եկամտաբերության աճ, այն դեպքում, երբ հետևողականորեն նվազել են վարկերի տոկոսադրույքները։
Այսպես՝ հունվար-մայիսին մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 12,22%, արտարժութային ավանդներինը՝ 8%, այն դեպքում երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը համապատասխանաբար 11,3% և 7,5% էր։ Այս ընթացքում պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունն ավելացել է 0,6-տոկոսային կետով՝ 2013թ. մայիսի վերջին կազմելով 13,9%։
Փողի թանկացման պայմաններում բանկային համակարգում մեկ տարուց ավելի մարման ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքը այս տարվա հինգ ամիսներին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,7-տոկոսային կետով՝ կազմելով 17%։
Արտարժութային վարկերինն աճել է 0,2-տոկոսային կետով։ Ընդ որում՝ բանկերը վարկերի տոկոսադրույքները վերանայել են շահույթի մարժայի հաշվին աճող մրցակության պայմաններում։ Բացի այդ՝ մրցակցությունը բանկերին ստիպել է ոչ միայն կրճատել շահույթի մարժան, այլև մեղմել վարկավորման պայմանները։ Այսպես, եթե անցած տարվա դեկտեմբերի վերջին բանկային համակարգում կապիտալի համարժեքությունը (ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցություն) կազմում էր 16,8%, ապա մայիսի վերջին այն նվազել է մինչև 16,3%։ Իհարկե, ցուցանիշը դեռ բարձր է ԿԲ-ի և «Բազել-2»-ով սահմանված նվազագույն նորմատիվներից (համապատախանաբար՝ 12% և 8%), բայց ռիսկերի գնահատման մեղմումը անորոշություններ է ստեղծում ապագայի համար։
Բանկային համակարգում նվազել է նաև բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը. մայիսին վերջին ցուցանիշը կազմել է 25,2%, այն դեպքում, երբ դեկտեմբերի վերջին այն 25,6% էր, իսկ ԿԲ-ի կողմից սահմանվող նվազագույն մակարդակը՝ 15%։ Նորմատիվային այս երկու ցուցանիշների նվազումը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ գործոններով, մասնավորապես՝ վարկավորման ծավալների աճով։
Ծավալների քանակական աճից բացի՝ կարևոր է վարկային պորտֆելի որակը։ Պարզվում է՝ ցուցանիշների վատթարացում արձանագրվել է նաև այստեղ։ Այսպես՝ հունվար-մայիսին բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 5%-ով, թեև նվազել է բարձր իրացվելի ակտիվների մասնաբաժինը։ Եվ սա այն դեպքում, երբ բանկային ակտիվների շուրջ 60%-ը վարկերն են։
Նույնիսկ ցուցանիշների վատթարացման պայմաններում բանկային համակարգը շարունակում է կայուն մնալ։ Բայց պետք է հաշվի առել, որ մակրոտնտեսական միջավայրի կտրուկ փոփոխության դեպքում առանձին բանկեր կարող են լուրջ խնդիրների առջև կանգնել։ Բանն այն է, որ առաջարկի շոկով պայմանավորված (գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում)՝ հուլիսից սպասվում է գնաճի տեմպի արագացում, տարվա կտրվածքով այն կարող է կազմել մինչև 8% (ԿԲ թիրախային ցուցանիշը 4±1,5% է)։ Այս հանգամանքն ավելացնում է վարկերի սպասարկման ռիսկերը, հատկապես սպառողական վարկերի գծով։ Բանկային համակարգում վարկային պորտֆելի մոտ 30%-ը կազմում են սպառողական և հիփոթեքային վարկերը։
Պետք է հաշվի առնել նաև, որ բարձր գնաճը հանգեցնելու է ավանդների տոկոսադրույքների բարձրացման, իսկ վարկերի տոկոսադրույքները կարող են և չվերանայվել, ինչի մասին վկայում է համաշխարհային պրակտիկան։
Civilnet











