Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում առողջապահական արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրել: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` այս մասին են վկայում ՀԲ-ի «Բարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» նոր զեկույցի տվյալները:
Զեկույցն առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները, ապահովել համարժեք ֆինանսավորում և հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի տարածաշրջանում առողջապահության համակարգը կատարելագործվի:
ԵԿԱ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև կյանքի տևողության տարբերությունը 1960-ականներից ի վեր մեծացել է, մինչդեռ միջին եկամուտ ունեցող այլ տարածաշրջաններում կյանքի տևողությունը հավասարվել, ապա և գերազանցել է ԵԿԱ ցուցանիշը: Մինչև 1990թ. Հայաստանի արձանագրած ցուցանիշը շարունակում է մնալ անգերազանցելի:
«ԵԿԱ-ի բնակչության շրջանում ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են,- ասել է ՀԲ առողջապահության ոլորտի առաջատար տնտեսագետ և զեկույցի համահեղինակ Օուեն Սմիթը: -Այս խմբի հիվանդություններով է պայմանավորված Արևմտյան Եվրոպայի և ԵԿԱ-ի միջև արձանագրված կյանքի տևողության տարբերության կեսից ավելին: Տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների նման տարածվածությունը ինքնաբերաբար պետք է հանդիսանա համարժեք քաղաքականության որդեգրման թիրախ»:
Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության կրճատման համար ՀԲ-ն անհրաժեշտ է համարում կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, որոնցից ամենակարևորները ծխախոտն ու ալկոհոլն են: ՀԲ զեկույցի համաձայն` Հայաստանում սրտանոթային մահացության կրճատման համար անհրաժեշտ կլինի ծխախոտի առավել խիստ հարկման, նախնական բուժօգնության միջոցով բարձր ճնշման բարելավված դիտրակման և առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում ծառայությունների մատուցման որակի բարձրացման համադրությունը:
Նշվում է, որ Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է, քանի որ տնային տնտեսությունների մի զգալի մասը բժշկական ծախսերի արդյունքում ենթակա է աղքատացման վտանգին: Միևնույն ժամանակ` աղքատների և հարուստների միջև առողջապահության մատչելիության անհավասարության առումով տարածաշրջանում երկիրն արձանագրել է բարձր ցուցանիշներից մեկը:
«Ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց, որպեսզի Հայաստանում ամենաաղքատ տնային տնտեսությունների կեսը նվազեցնի առողջապահական ծախսերը,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին: -Որպեսզի առավել բարձրորակ առողջապահական ծառայությունները լրացուցիչ բեռ չառաջացնեն տնային տնտեսությունների վրա, առաջարկում ենք բարելավել ծառայությունների թիրախավորումը աղքատների համար` միևնույն ժամանակ բարելավելով հանրային առողջապահական ծախսերի արդյունավետությունը»:
Պետական բյուջեն անարդյունավետ առողջապահական ծասերից պաշտպանելու նպատակով զեկույցն առաջարկում է հիվանդանոցային լրացուցիչ ենթակառուցվածքից ազատվելու, ծառայությունների մատուցման նորարարական մոտեցումներ որդեգրելու, ծառայություններ մատուցողի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջացնելու միջոցով բարելավել արդյունավետությունը:
Զեկույցը նշում է ավելի լավ արդյունքներ արձանագրելու գործում ունիվերսալ դեղատոմսի բացակայության փաստը: Ըստ ՀԲ-ի` չնայած Հայաստանը վերջին տարիներին ինստիտուցիոնալ հատվածում որոշակի առաջընթաց է արձանագրել, բավական քանականությամբ անելիք կա՝ մասնավորապես առողջապահական ծառայություններ մատուցողների հաշվետվունակության ամրացման և ֆինանսական աղբյուրների մոբիլիզացման առումով: Տարբերակներից մեկն առաջարկում է որդեգրել դեռևս ԵԿԱ-ում բացակայող, բայց առավել զարգացած երկրներում առողջապահական համակարգը կառավարող կիրառվող հիմնական բաղադրիչները:
Civilnet











