Գլխավոր Լրահոս

Մեկ հանձնարարականի պատմություն

Մեկ հանձնարարականի պատմություն

ԿԲ-ն կառավարությանը շանս է տվել ապահովել նախագահի կողմից նախանշված տնտեսական աճի 7% ցուցանիշը։

Հունիսի 25-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 8%-ի մակարդակում, այն դեպքում երբ հունիսի 10-ին հրապարակած մեկ այլ փաստաթղթում հստակ նշել է, որ պայմանավորված առաջարկի շոկով՝ կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ն, փաստորեն, նախընտրել է պահպանել չեզոք դրամավարկային քաղաքականությունը՝ կառավարությանը շանս տալով ապահովել նախագահի կողմից նախանշված տնտեսական աճի 7% ցուցանիշը։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2013թ. մայիսին արձանագրվել է 0,02% գնանկում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,3% գնանկման պարագայում հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացման։ Մայիսի վերջին գնաճը կազմել է 5,2%։

«Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները։ Այդ պայմաններում ինչպես հումքային, այնպես էլ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել են գնանկումային միտումներ։ Այս զարգացումների ներքո կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով և ոչ գնաճային ազդեցություններով»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանի տնտեսությունում, ինչպես և ակնկալվում էր, շարունակվել է գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ իրական սպառման՝ նախորդ տարում ձևավորված հավելուրդային աճի կրճատումը, ինչն ուղեկցվել է նաև կառավարության կողմից իրականացված կանխատեսվածից ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ։

«Արդյունքում կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին պահանջարկի ազդեցությունը մնում է ոչ գնաճային։ Նշված գնանկումային գործոնների պայմաններում երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապես՝ եղանակային վատ պայմանների հետևանքով վեգետացիոն շրջանի ուշացմամբ, ինչպես նաև ձևավորված գնաճային սպասումներով։ Դա արտահայտվել է պարենային ապրանքների գների՝ սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճի՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով»,– ասվում է հաղորդագրությունում։

«Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ձևավորված բարձր գնաճային միջավայրը ժամանակավոր առաջարկի շոկի արդյունք է, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ-ի կողմից դրական իրական տոկոսադրույքի պահպանումը հնարավորություն կտա խարսխել գնաճային սպասումները և նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը։ Վերջինիս օժանդակել է նաև ԿԲ մեկ այլ գործողություն՝ դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը, որով ԿԲ-ն բավարար դրամային իրացվելիություն է ապահովել տնտեսություն։

Միաժամանակ, ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների և դրա երկրորդային ազդեցությունների դրսևորումներին»,– նշված է հաղորդագրությունում։
Ըստ ԿԲ-ի՝ մինչև հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում, իսկ տնտեսական աճը կձևավորվի իր հավասարակշիռ մակարդակում։

Հանուն կառավարության

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ պահելու որոշումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ մինչ այս ԿԲ-ն շուկայի մասնակիցներին դրա վերանայման հստակ ազդակ էր տվել։

Հունիսի 10-ին ԿԲ-ի հրապարակած «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր II եռամսյակ, 2013թ., Դրամավարկային քաղաքականության 2013թ. I եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը)» փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումները և ժամանակավոր առաջարկի շոկի մարման ազդեցությունը՝ կանխատեսվում է, որ 2013թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակի կարագանա՝ հունիսի վերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում: «Էներգակիրների սակագների վերանայման վերջնական որոշման առկայության պարագայում բարձր գնաճն ու դրա երկրորդային ազդեցությունները մեղմելու, ինչպես նաև գնաճային սպասումները խարսխելու նպատակով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ներկայիս ուղղությունները՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,– նշված էր հաշվետվությունում։

Եթե հաշվի առնենք նաև այն, որ ԿԲ գնահատականներով՝ այս տարվա երրորդ եռամսյակից 12-ամսյա գնաճը կգերազանցի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) վերին սահմանը՝ հաջորդող մեկ տարում տատանվելով միջին հաշվով 8% մակարդակի շուրջ, ապա տոկոսադրույքն անփոփոխ պահելը է՛լ ավելի անհասկանալի կդառնա։

Բանն այն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ֆինանսական համակարգի տոկոսադրույքների միջև առկա է լագ՝ 3-6 ամիս տևողությամբ, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն արդեն այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկեր գնաճի արագացումը մեղմելու ուղղությամբ։ ԿԲ հայտարարությունների նման անհետևողականությունը նվազեցնում է կարգավորչի վստահությունը ֆինանսական համակարգում։

Անփոփոխ պահելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ԿԲ-ն կարծես նախապատվությունը տվել է տնտեսական աճի և ոչ թե գների կայունության ապահովմանը։ Եվ սա այն դեպքում, երբ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ համապատասխան օրենսդրական ակտով սահմանված է, որ ԿԲ հիմնական նպատակը գների կայունության ապահովումն է։ Տնտեսական աճի ապահովման համար պատասխանատու է կառավարությունը, որի հնարավորությունները, այս առումով, սահմանափակ են։

Այսպես՝ կառավարության այս տարվա հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա չեզոք ազդեցություն է ունենալու, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվության տեմպի դանդաղման պայմաններում (հինգ ամիսներին արձանագրվել է 5,3% տնտեսական ակտիվություն, առաջին եռամսյակում աճի տեմպը կազմել է 8,7%, առաջին չորս ամիսներին՝ 7,4%) կառավարությունը կարող է բախվել բյուջեի հիմքում դրված 6,2% տնտեսական աճի ապահովման խնդրի։

ԿԲ-ն ըստ էության նախընտրել է պահպանել չեզոք դրամավարկային քաղաքականությունը՝ կառավարությանը շանս տալով ապահովել նախագահի կողմից նախանշված տնտեսական աճի 7% ցուցանիշը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում