Նախօրեին ռուսական «Ռեգնում» գործակալության հետ զրույցում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, խոսելով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, ասել էր, որ դա «ձեռնտու է այն առումով, որ Ռուսաստանից ներկրում ենք միջուկային վառելիք և գազ» (տե՛ս «Օրակարգ», թիվ 87): Հարցազրույցում Մովսիսյանն անդրադարձել է այլ հարցերի ևս, որոնք թարգմանաբար ներկայացված են ստորև:
— Պրն Մովսիսյան, առաջին հարցս վերաբերում է ընդհանուր առմամբ Հայաստանի էներգետիկ ոլորտին: Ինչպե՞ս եք գնահատում երկրում էներգետիկայի զարգացման ներկա մակարդակը, ի՞նչ ուղղությամբ է այն զարգանում: Ներկայացրե՛ք, խնդրում եմ, հիմնական ուղղությունները:
— Ոլորտի իրավիճակը խոսում է ինքն իր մասին. հանրապետությունում իրականացվում է գազի և էլեկտրականության անխափան մատակարարում: Կառավարությունն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ոլորտում խոչընդոտներ չլինեն: Էներգետիկան ուղղակիորեն կապված է երկրի անվտանգության հետ: Մեր նպատակն է էներգետիկ անվտանգության ապահովումը: Մեր բոլոր ջանքերն ուղղված են այդ խնդրի լուծմանը: Դա խնդիրների համալիր է, որը պետք է լուծել: Էներգետիկ անվտանգությունն ըստ էության ենթադրում է երկրի ներքին պահանջների արդյունավետ բավարարում՝ որքան հնարավոր է էժան և արտաքին ազդեցությունից անկախ: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ արդի արտադրական խնայող հզորություններ, արդյունավետ գործող բաշխման ցանցեր, էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացված ուղիներ, և մենք դրան ձգտում ենք:
Եվ վերջապես, անհրաժեշտ է աշխատել տարածաշրջանային պետությունների էներգետիկ համակարգերի ինտեգրման ուղղությամբ: Ակտիվորեն աշխատում ենք նաև Հայաստանի և Իրանի ու Վրաստանի էներգետիկ համակարգերի ինտեգրման ուղղությամբ: Միայն Իրանի հետ համատեղ նախագծերի հաշվին հնարավոր է ինչպես տնտեսապես, այնպես էլ տեխնիկապես կարգավորել մեր համակարգը: Մյուս խնդիրը ներքին էներգետիկ պաշարների, օրինակ՝ տեղական նշանակության հիդրոէլեկտրակայանների առավելագույն օգտագործումն է: Հայաստանն ունի աշխարհաքաղաքական այնպիսի դիրք, որ պետք է ակտիվորեն աշխատի նշված ուղղություններով:
— Դուք խոսեցիք էներգակիրների տեղափոխման դիվերսիֆիկացված ուղիների անհրաժեշտության մասին: Գազի դեպքում այն Հայաստան է ներկրվում Ռուսաստանից: Երևանի համար այլընտրանքային աղբյուրը Իրանն է: Էներգակիրների ներկրման ուղիների դիվերսիֆիկացման առումով կարո՞ղ է իրանական ուղղությունն այլընտրանքային լինել Հայաստանի համար: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտության դեպքում կարո՞ղ է իրանական գազը փոխարինել ռուսականին:
— Երբ սկսվեց Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, ես բազմիցս ասել եմ, որ այդ ենթակառուցվածքը լուծում է Հայաստանի անվտանգության հարցը: Այն ժամանակ տնտեսական գերակայության հարցը չէր դիտարկվում: Դա ժամանակն է ցույց տվել: Նախագծի առանցքը անվտանգության խնդիրն էր:
Եթե հյուսիսից գազ մատակարարող գազատարի հետ որևէ բան պատահի, մենք ներքին կարիքները կարող ենք հոգալ իրանական գազի միջոցով: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իրանական գազը կարո՞ղ է դառնալ ռուսականի այլընտրանք, ապա հարցը սկսել է ակտիվորեն քննարկվել Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի վերջին թանկացումից հետո: Իրավիճակը պարզաբանելու համար անհրաժեշտ է հասկանալ այն երկրի հնարավորությունները, որից ցանկանում ենք մեր խնդիրների լուծման համար ինչ-որ բան ստանալ:
Այո՛, Իրանը գազ է արտահանում, սակայն բանն այն է, թե ի՞նչ քանակությամբ, ի՞նչ գնով, որքա՞ն է այն ունակ բավարարել ներքին պահանջները իր պաշարների հաշվին, ինչո՞ւ է Թեհրանը գազ գնում Թուրքմենստանից, ի՞նչ գնով, ո՞ւր է արտահանում, ի՞նչ խնդիրներ են առկա այս առումով Իրանի և Թուրքիայի միջև, և ի՞նչ գնային քաղաքականություն է վարում Թեհրանը ներքին շուկայում:
Խնդիրների նշված համալիրն ուսումնասիրելով՝ մենք գալիս ենք այն եզրակացության, որ գնի առումով իրանական գազը չի կարող փոխարինել ռուսականին Հայաստանի ներքին շուկայում: Իրանը ներկայում բավական բարձր գնով թուրքմենական գազ է գնում և չի կարող այն ավելի էժան վաճառել: Թեհրանն իր ներքին շուկայում վարում է գազի գների ազատականացման քաղաքականություն: Իրանի ներսում բարձրացել են «երկնագույն վառելիքի» սակագները, և աճի միտում է նկատվում: Կա նաև բանակցային ընթացքը, որի ժամանակ նրանք ներկայացնում են գազի գների իրենց հնարավորությունները: Այս ամենը վկայում է այն մասին, որ իրանական կողմի գնային առաջարկը չի կարող դառնալ գազի ռուսական սակագների այլընտրանք: Հակառակ դեպքում մենք անպայման կօգտվեինք այդ հնարավորությունից:
Նույն վերլուծությունը կարելի է անել Ռուսաստանի դեպքում և հասկանալ, թե ինչու Մոսկվան մեզ ավելի ցածր գնով գազ չի առաջարկում: Հայաստանի սահմանին ռուսական գազն արժե $189՝ հաշվի առնելով լրահատկացումները: Գնի մեջ ներառված է Վրաստանի 10% մասնաբաժինը տարանցման համար՝ $27, իսկ տեղափոխման ծախսերը կազմում են $18: Արդյունքում տարբերությունը կազմում է $144: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է Մոսկվային խնդրել գազը վաճառել ավելի ցածր գնով, եթե Ռուսաստանի ներքին շուկայում գազի միջին գինը $140 է:
— Հայաստանի ներքին շուկայում գազը վաճառվում է սահմանային գնից գրեթե կրկնակի թանկ: Որոշ փորձագետներ հակված են մտածել, որ մարժայի հաշվին (մոտ $90՝ 1000 խմ-ի դիմաց) սուբսիդավորվում է գազի գինը Լեռնային Ղարաբաղի համար: Որքանո՞վ են իրական այս գնահատականները:
— Այդ գնահատականները իրականության հետ որևէ առնչություն չունեն: Նախ՝ մարժայում ընդգրկված է ԱԱՀ-ն և հանրապետությունում գազաբաշխման ծախսերը: Հենց բոլոր այս գործոնները հաշվի առնելով է տեղի է ունենում գնագոյացումը երկրի ներքին շուկայում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ այստեղ գնահատականները նույնպես ճիշտ չեն: Ղարաբաղի բնակիչներն ինքնուրույն են վճարում գազի համար: Բացի այդ՝ Ղարաբաղում գազի սպառման ծավալները մեծ չեն, և նրանք չեն կարող վճարման առումով խնդիր ստեղծել: Եվ վերջապես, չարժե եզրահանգումներ անել սիրողական մակարդակում, ինչով զբաղվում են բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ: Հենց նման սիրողական եզրահանգումների հիման վրա են արվում քաղաքական գնահատականները, դա սխալ է:
— Հայաստանին գազի գնի սուբսիդավորման համար դրամաշնորհի հատկացումն ու «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20% բաժնեմասի վաճառքի շուրջ բանակցությունները փոխկապակցվա՞ծ են:
— Եկեք սթափ գնահատենք իրավիճակը: Հայաստանում գործում է հայ-ռուսական համատեղ «ՀայՌուսգազարդ» ձեռնարկությունը, որի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսական կողմին, 20%-ը՝ Հայաստանին: Ինչո՞ւ պետք է ռուսական «Գազպրոմը» շահագրգռված լինի Հայաստանի բաժնեմասի ձեռքբերմամբ, եթե վերահսկիչ փաթեթն իրեն է պատկանում, և որոշումների ընդունման գործընթացում նա գերիշխող է: Ի՞նչ է նա դրանից ստանալու: Միայն մեկ բան՝ «Գազպրոմը» 20%-ով ավելի շատ շահութաբաժին կստանա: Բաժնետոմսերի 20%-ը նրան որևէ բան չի տա կորպորատիվ կառավարման առումով: Վերջին մի քանի տարում «Գազպրոմը» շահութաբաժին չի ստացել, քանի որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վնասով է աշխատել, իսկ երբ վնաս չի եղել, շահույթն ուղղվել է ներդրումներին:
Ցանկացած բիզնես հիմնված է հստակ հաշվարկի վրա, որտեղ կա մեկ նպատակ՝ ներդրումների վերադարձելիություն և շահույթ: Այս դեպքում գազի գնի սուբսիդավորման դրամաշնորհի հատկացումը կապել հայկական կողմի 20% բաժնետոմսերի վաճառքի հետ առնվազն տրամաբանական չէ: Բացի այդ՝ բուն «Գազպրոմի» բաժնետոմսերի անկման ֆոնին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերն այդքան կարևոր չեն: Ուստի անտրամաբանական են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վաճառի իր բաժնետոմսերը: Ճնշում են ինչ-որ նպատակով, եթե նպատակ չկա, ի՞նչ ճնշման մասին է խոսքը:
Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդում» Հայաստանի բաժնեմասի վաճառքի դիմաց դրամաշնորհի հատկացմանը: Նախ՝ մենք բանակցություններ ենք վարում Մոսկվայի հետ գազի գինը հինգ տարվա հաշվարկով ամրագրելու շուրջ: Դա վերաբերում է նաև լրահատկացումներին: Այսինքն՝ մենք ցանկանում ենք հասնել նրան, որ գազի գինը անփոփոխ մնա առաջիկա հինգ տարում:
— Խոսքը նաև առաջիկա հինգ տարվա ընթացքում ռուսական կողմի՝ գազի գնի 30% սուբսիդավորմա՞ն մասին է:
— Այո՛, այստեղ նույնպես պետք է գործի այդ մեխանիզմը: Դա կարվի դրամաշնորհի կամ սովորական սուբսիդավորման հաշվին, այդքան էլ սկզբունքային չէ: Կարևոր է, որ առաջիկա հնգամյակում դա բեռ չդառնա երկրի պետբյուջեի համար: Այս ուղղությամբ ենք բանակցում: Այս համատեքստում անիմաստ են պնդումները, որ «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնետոմսերի վաճառքով Երևանը ռուսական կողմին «վճարում է սուբսիդավորման դրամաշնորհի համար»:
— Գազի գնի բարձրացումն ընդդիմությունը կապում է վերջերս Հայաստանում անցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ: Ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ իրականում գազը թանկացել է ընտրություններից առաջ, սակայն այդ մասին լռել են ընտրություններն առանց լարվածության անցկացնելու համար: Ե՞րբ է ստորագրվել «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագիրը:
— Հայաստանյան ընտրությունների հետ այստեղ որևէ կապ չկա: Եթե գազի գնի բարձրացումն առնչվեր միայն Հայաստանին, ապա գուցե նման հայտարարությունները տրամաբանական լինեին: «Գազպրոմը», բացի Հայաստանից, բանակցություններ է վարում շատ այլ պետությունների հետ: Ի՞նչ է, այդ երկրներում նույնպե՞ս ընտրություններ են: Ավելին՝ բանակցությունների փուլում ոչ ամբողջ տեղեկատվությունն է հրապարակվում մինչև իրավիճակի հստակեցումը: Պայմանագիրը «Գազպրոմի» հետ ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին, իսկ կնքվել է, եթե չեմ սխալվում, ընթացիկ տարվա մարտի 29-ին կամ 30-ին:

Civilnet










