«Սկսնակ» Արշիպելագ
Եթե ես լինեի լրատվամիջոցի ղեկավար, բոլոր լրագրողներին աշխատանքի կընդունեի հետևյալ սկզբունքով՝ կարդացե՞լ են նրանք Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈՒԼագ Արշիպելագը»: Որովհետև, եթե կարդացել են, հաստատ այսպիսի նյութ չէին գրի՝ «Էդիկ Բաղդասարյանի ու Փայլակ Հայրապետյանի «կոնսպիրատիվ» հանդիպումը»: Սա լրագրողական նյութ չէ: Հետևաբար մատնություն է: Իսկ «ԳՈՒԼագ Արշիպելագը» հենց մատնությունների պատմություն է: Սերգեյ Դովլաթովն ասում էր՝ հասկացանք, Ստալինը մարդ չէր, բայց ո՞վ էր գրում 4 միլիոն մատնությունը:
Ձեր գրածը, haynews.am-ի հարգելի գործընկերներ, մատնություն է: Սոլժենիցինը մատնողների մասին նույնքան մանրամասն է պատմում, որքան նրանց զոհերի: 1936-37 թվականներին ամբողջ ԽՍՀՄ-ը (երեխաներին չհաշված) մատնողների, դահիճների և զոհերի մի բանակ էր: Մի մոռացեք, այդ տարիներին Ռուսաստանում տոնում էին Պուշկինի հարյուրամյակը: Հենց այդպես էլ «դիմավորեցին» և ճանապարհ դրեցին Հայրենական Մեծ պատերազմը: Նույնիսկ ճակատում էին ձերբակալում իրենց զոհերին: Սոլժենիցինն այդ ձերբակալվածներից մեկն էր: Նա մատնության զոհ էր: 50 միլիոն մարդ ԳՈՒԼագներով անցավ: Այսինքն, նրանց քառորդ մասը չվերադարձավ: Մի մասի դեմ մատնություն չէին էլ գրել: Բայց մեկի դեմ գրված մատնությունը հնարավոր էր դարձնում առանց մատնության ձերբակալություններն ու խոշտանգումները: Մտածե՞լ եք, որ «կոնսպիրատիվի» մասին էդպիսի բան գրելուց հետո տան ճանապարհին ձեզ կարող են սեր խոստովանել: Ու բնավ չմտածել, որ առավոտյան մատնել եք ինչ-որ մեկին: Հանձնել եք հասարակության դատին:
Տեսե՛ք, օֆշորի մասին գրողը սովորական կաշառակեր է, հանդիպել է իր հերոսին: Իսկ միգուցե կոռուպցիայի նոր չափաբաժի՞նն էր վերցնում: Այս մասին չե՞ք մտածել: Որովհետև հենց որպես «ԳՈՒԼագ Արշիպելագ» չկարդացածներ, ձեզ թվում է, թե ազատորեն գրելը ձեզ ազատում է բանտում գտնվելու զգացողությունից:
Ահա այստեղ հասունանում է հաջորդ, ինչ-որ իմաստով ապարդյուն հարցը՝ «Համլետ» կարդացե՞լ եք: «Դանիան բանտ է բանտի մեջ»: Սա արքայազնի բերանով է ասված: Մոտավորապես այնպես, ինչպես Քրիստոսը գրում էր ավազին: Բնավ պարտադիր չէր, որ Դանիո անցյալի մասին մենք այդպիսի բաներ իմանանք: Հիմա այդ ժամանակների հետքն էլ չի մնացել Դանիայում: Իսկ ի՞նչ եք առաջարկում դուք՝ որ Էդիկ Բաղդասարյանն իր «կոռումպացված» գրչով չմտնի՞ ժուռնալիստիկայի բաղերը: Լավ, մի կարդացեք Շեքսպիր, ձեզ կասվի, թե ինչ է բանտը: Բանտը ազատության սուտն է: Այն ուրիշի քմահաճույքն է, ազատությունը քմահաճույքից և դիտավորությունից դենն ընկած կյանքն է: Էդիկ Բաղդասարյանը չի ստում, երբ գրում է օֆշորի և նրա դերակատարների մասին: Եթե անգամ սխալվում է, միևնույն է, չի ստում: Դուք միանգամից ստում եք: Որովհետև ձեր դիտավորությունը գրչից առաջ է ընկել: Այդպիսի բազմաթիվ դիտավորություններ լցրեցին ԳՈՒԼագը, բազմաթիվ հայրեր և մայրեր զրկվեցին երեխաներից: Ծնողներին բաժանեցին միմյանցից և նրանց կյանքը դարձրին դժոխք: Պարզ եմ գրում, կարող էի ավելի փիլիսոփայել:
Ոչ ոք չի ասում՝ մի՛ եղեք վարչապետի կողքին, ձեզ ասում են՝ մի՛ մատնեք: Մատնությունը բոլորին շեղում է ճանաչողությունից: Մատնությունը բանտեր է լցնում, գուցե հարստացնում է կյանքը, գուցե կյանքը գնահատելու ազդակ է, բան չունեմ ասելու: Բայց մի եղեք մատնիչ: Եվ, ընդհանրապես, ձեր ծնողների, ձեր հարազատների աչքից հեռու զգույշ եղեք գրիչ վերցնելուց «ցավ ու դավի դեմ»: Կարդացեք Դեկարտ. «Մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»: Դեկարտը հայտնի կասկածամիտ էր: «Կասկածեք ամեն ինչին»,- կոչ էր անում նա: Էդ ի՞նչ համոզմունքով եք գրել, որ լրագրողը «կոնսպիրատիվ» հանդիպում էր իր տեղեկությունների աղբյուրի հետ: Ի՞նչ պետք է աներ, վարչապետի՞ն պետք է հրավիրեր այդ հանդիպմանը: Տեղեկատվության մեջ համոզմունքը վատ խորհրդատու է: Հատկապես սկսնակների համար: Էդիկ Բաղդասարյանը նույնքան ձեր հարազատը չէ, որքան՝ վարչապետը: Անիրավվելիս դուք վազելու եք լրագրողի մոտ, ոչ թե ֆունկցիոների:
Մհեր Արշակյան










