Ռոբոտիկայի լաբորատորիա`«Այբ» դպրոցում

«Այբ» ավագ դպրոցում hունիսի 26-ին կայացել է Ռոբոտիկայի լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից:
Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմը՝ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ և Ռոբոտիկա առարկան ուսումնասիրող աշակերտները։ Լաբորատորիան ստեղծվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 մլն դրամ:
«Մենք ունենք հզոր մտավոր ներուժ` ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների և, առաջին հերթին` մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետևաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօր` մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր և հայրենասեր սերունդ», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երևանի և մարզերի դպրոցներում: «Այբ»-ը ոչ միայն նախագծում և հիմնում է առարկայական մոդելային լաբորատորիաներ, այլև և մշակում է դասավանդման մեթոդաբանությունը:
Ֆիզիկայի և քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել Բերդ քաղաքում: Երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության «ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում:
Ուսումնական արդիական լաբորատորիաները նախագծվում և ստեղծվում են «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: «ԱյբԼաբ» ցանցն ապահովում է փորձի փոխանակում, ռեսուրսների համատեղ օգտագործում (գրադարան, սիմուլյացիոն ծրագրեր, տեսադարան), կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառում, համատեղ գնումներ և այլն:
Թեմա
Civilnet










