Գլխավոր Լրահոս

Հարկել առանց խտրականության

Հարկել առանց խտրականության

Կառավարությունը փորձում է կատարելագործել և բարձրացնել գույքահարկի հարկման համակարգի արդյունավետությունը։

Կառավարությունը փորձում է կատարելագործել և բարձրացնել գույքահարկի հարկման համակարգի արդյունավետությունը, հստակեցնել հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները։ Գործադիրի հունիսի 27-ի նիստի հաստատմանը ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգը։ Փաստաթուղթը մի շարք քայլեր է առաջարկում միասնական անշարժ գույքի (հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների) հարկման համակարգի ներդրման ուղղությամբ։

Ներկայում գործում են անշարժ գույքի հարկման տարբերակված մեխանիզմներ։ Այսպես՝ «Հողի հարկի մասին» օրենքին համապատասխան գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի մեծությունը կախված է հողի պոտենցիալ եկամտաբերությունից (հաշվարկվում է կադաստրային գնահատմամբ հաշվարկված զուտ եկամուտի 15%-ի չափով, ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար՝ հողի կադաստրային արժեքի 0,5-ից մինչև 1% չափով)։ Վերջին տարիների օրենսդրական փոփոխությունները թեև թույլ են տվել հստակեցնել հողի հարկ վճարողների շրջանակները, սակայն հողի հարկի գծով համայնքային բյուջեներ գանձվող փաստացի եկամուտների մակարդակը շարունակում է ցածր մնալ։ Պատճառների թվում վարչարարության ցածր արդյունավետությունն է՝ պայմանավորված երբեմն տեղական ինքնակառավարման մարմինների մասնագիտական պատրաստվածության աստիճանով։

Այսօր գույքահարկի հաշվարկման հիմքում շենքերի, շինությունների կադաստրային գներն են, սակայն հողամասերի հարկի հաշվարկման համար քաղաքներում և քաղաքատիպ ավաններում հիմք են ընդունվում կադաստրային գները, իսկ գյուղական համայնքներում՝ զուտ եկամուտը։ Հարկման նպատակով արժեքային տարբեր համակարգերի առկայությունը խոչընդոտում է հողի և գույքի արժեքների շուկայական գնագոյացումը, հետևաբար՝ նաև դրանց շուկայական արժեքների ձևավորումը։

Ինչ վերաբերում է գույքահարկի գծով հարկային եկամուտներին, ապա դրանց հավաքագրման մակարդակն էապես տարբերվում է հողի հարկի գծով նույն ցուցանիշներից։ Այս հանգամանքը պայմանավորված է գույքի շուկայի զարգացման ավելի բարձր մակարդակով, շինությունների և հատկապես փոխադրամիջոցների սեփականատերերի համեմատաբար բարձր վճարունակությամբ։

Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով այլ երկրների փորձը և Հայաստանում ստեղծված պատկերը, հայեցակարգում առաջարկել է անցում կատարել անշարժ գույքի միասնական հարկի։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գույքային հարկերը հարկման առավել տարածված ձևերից են և չնայած պետական կառավարման մակարդակում դրանք որպես կանոն եկամուտների շատ փոքր մասի աղբյուր են հանդիսանում, էական դեր են ունենում տեղական մակարդակով իրականացվող հասարակական ծառայությունների ֆինանսավորման համար»,– ասվում է փաստաթղթում։

Միասնական հարկի համակարգը ենթադրում է միասնական անշարժ գույքի (հողամասերի և դրանց վրա կառուցված շինությունների) արժեքի գնահատման ընդհանուր մեխանիզմի ներդրում՝ ի հակադրություն այսօր գործող տարբերացված մոտեցման։
Համակարգի ներդրումից առաջ, ըստ ֆինանսների նախարարության, անհրաժեշտ է լինելու իրականացնել միասնական օբյեկտների խմբավորում՝ հաշվի առնելով, թե որ անշարժ գույքն է ներառվելու հարկվող օբյեկտի կազմում։ Բացի այդ՝ ստեղծվելու է միասնական անշարժ գույքի ռեեստր՝ դրանում ներառելով հարկի հաշվարկման համար անհրաժեշտ անշարժ գույքի օբյեկտների և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։

Համակարգի ներդրման արդյունքում ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ կընդլայնվեն գույքահարկով հարկման օբյեկտները, դրանցում կներառվի նաև պետական և համայնքային գույքը, բարձր արժեք ունեցող գույքի համար կսահմանվեն ավելի բարձր պրոգրեսիվ (գույքի արժեքի աճին զուգընթաց աճող) դրույքաչափեր, կբարձրանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կպարզեցվի վարչարարությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում