Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) շաբաթվա ընթացքում կհաստատի հայաստանյան օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթի հայեցակարգը և կհայտարարի մրցույթները, ՍիվիլՆեթին տեղեկացրել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։
Հունիսի 6-ի նիստում կառավարությունը հաստատել էր Հայաստանի օդային փոխադրումների շուկայի փուլային ազատականացման ռազմավարությունը։ Համաձայն փաստաթղթի՝ քաղավիացիայի օդուղիները բաժանվելու են երեք խմբերի, մրցույթներին մասնակցելու են միայն հայկական ընկերություններ (Հայաստանում օդանավ շահագործելու լիցենզիա ունի տասը ընկերություն)։ «Իհարկե, ավիաընկերություններում արտասահմանյան ընկերությունները կարող են բաժնեմաս ունենալ, բայց պայմանն այնպիսին է, որ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանի ռեզիդենտի»,– նույն օրը հայտարարել էր ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը։ Նա տեղեկացրել էր նաև, որ թույլտվությունները կարող են տրվել մինչև հինգ տարի ժամկետով, որպեսզի արդարացված լինեն ավիաընկերությունների ներդրումները։ Ընդ որում՝ պետությունը չի պատրաստվում ավիաընկերությունների առջև որևէ պարտավորություններ ստանձնել՝ հետագայում հովանավորչական քաղաքականություն իրականացնելուց խուսափելու համար։
Օդուղիները մինչ այս շահագործող «Արմավիա» ընկերությունը ավիափոխադրումները դադարեցրել է ապրիլի 1-ից։

Civilnet










