«ԱրմենՏելը» կմատուցի ինտերնետային հեռուստատեսության ծառայություն

«ԱրմենՏելի» նորանշանակ գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը խնդիր է դրել որքան հնարավոր է սեղմ ժամկետներում ներդնել ինտերնետային հեռուստատեսության (IPTv) ծառայությունը. հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց Անդրեյ Պյատախինը: Պատասխանելով հարցին, թե ինչու մինչ այժմ «ԱրմենՏելը» չի մատուցում IPTv ծառայությունը` նա ասաց, որ յոթ օր առաջ, երբ ստանձնեց տնօրենի պարտականությունները, նույն հարցով իրենց դիմել են ընկերության աշխատակիցները, և «վատ է, որ ծառայությունն առ այսօր չի ներդրվել»։
Միաժամանակ`նա նշեց, որ ընկերությունում ծառայության ներդրման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, և ներկայում մնացել է հստակեցնել տեխնոլոգիական հարցերը, որոնք հնարավորություն կտան մատուցել որակյալ ծառայություն։ «Մենք շահագրգռված ենք` ծառայությունը հաճախորդներին հնարավորինս արագ և որակյալ ներկայացնելու հարցում, բայց այսօր կդժվարանամ նշել ծառայության մատուցման հստակ ժամկետները»,- ասաց «ԱրմենՏելի» տնօրենը։
Անդրադառնալով ընկերության առաջիկա անելիքներին` Պյատախինը նշեց, որ ամեն ինչ արվելու է շարժական և մալուխային ինտերնետ հասանելիության ծառայությունները զարգացնելու համար, և առաջարկվելու են նոր պրոդուկտներ։ «Միջազգային փորձից երևում է, որ հեռահաղորդակցության ոլորտում ամենից արագ զարգացող սեգմենտը շարժական ինտերնետն է, և «ԱրմենՏելն» այդ սեգմենտի զարգացմանը մեծ ուշադրություն է դարձնելու»,- ասաց ընկերության տնօրենը։
Նշենք, որ այսօր մալուխային ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում «ԱրմենՏելի» հիմնական մրցակիցը Ucom-ն է, որն օպտիկամանրաթելային ցանցով բաժանորդներին մատուցում է երեք ծառայություն՝ ինտերնետ, VoIP (ամրակցված հեռախոսակապ) և ինտերնետային հեռուստատեսություն։
Civilnet










