Գլխավոր Լրահոս

Այս փուլում MNP-ն այն առանցքային ծառայությունը չէ, որը պետք է բաժանորդին

Այս փուլում MNP-ն այն առանցքային ծառայությունը չէ, որը պետք է բաժանորդին

Վրաստանում ոչ մի օպերատորի չի հաջողվել վերադարձնել այն գումարները, որոնք ներդրվել են բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության (MNP) ծառայությունում, ասում է «ԱրմենՏելի» նոր գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության (MNP) ծառայությունը Հայաստանում պետք է գործարկվի 2014թ. հունվարի 1-ից. համակարգի ներդրման ժամանակացույցը հուշում է, որ ժամկետը, ամենայն հավանականությամբ, կվերանայվի։ «Բջջային եռյակը» երկու ամսով ուշացրել է MNP-ի ներդրման միջոցառումներն իրականացնող ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը։ Վրաստանում ծառայությունը սկսեց ներդրվել 2010թ., բաժանորդներին այն հասանելի էր արդեն 2011-ից։ «ԱրմենՏելի» նոր գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը, որը 2009-2011 թթ. ղեկավարել է Beeline ընկերությունը Վրաստանում, հունիսի 27-ին Հայաստանում առաջին ասուլիսից հետո պատասխանել է ՍիվիլՆեթի հարցերին՝ հարևան երկրում MNP-ի ներդրման առանձնահատկությունների շուրջ։

— Երբ Վրաստանում ներդրվում էր MNP ծառայությունը, ի՞նչ խնդիրների բախվեցին օպերատորները։

— Հիմնական խնդիրն այն էր, որ ծառայության ներդրման համար կարգավորողի կողմից մշակված տեխնիկական կանոնակարգերում ոչ բոլոր մանրունքներն էին հաշվի առնվել։ Երբ աշխատանքներն արդեն ավարտական փուլում էին, ի հայտ եկան խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր չէր գործարկել ծառայությունը։ Բոլոր օպերատորները ստիպված եղան վերանայել մինչ այդ արվածը, աշխատակիցները նույնիսկ գիշերներն էին աշխատում՝ խնդիրները վերացնելու համար, քանի որ ծառայության ներդրման վերջնաժամկետն արդեն ամրագրված էր։

Պետք է հաշվի առնել ամեն մանրուք։ Օրինակ, երբ ներդրվեց MNP ծառայությունը Վրաստանում, պարզվեց որ ռոումինգում չեն աշխատում օպերատորների հեռախոսահամարները։ Հետո պարզվեց, որ ուշադրությունից դուրս էր մնացել առաջին հայացքից մանրուք թվացող մի տարր։

— Ինչպիսի՞ն էր բաժանորդների հոսունությունը մեկ օպերատորից մյուսին, պահանջարկվա՞ծ էր ծառայությունը։

— Այն ժամանակ, երբ ներդրվում էր MNP ծառայությունը, չափազանց կարևոր էր հեռախոսահամարի ամրակցումը բաժանորդին։ Բաժանորդը կապը արտաքին աշխարհի, երկրի ներսում պահում էր բջջային հեռախոսի միջոցով, և համարի փոփոխումը հանգեցնում էր կապերի կորստի, կամ էլ նա ստիպված էր բոլորին տեղեկացնել փոփոխության մասին։

Այսօր կապը պահելու հիմնական միջոցը սոցիալական ցանցերն են, բջջային հեռախոսահամարը մղվել է երկրորդական պլան։

Վրաստանը դրա վառ օրինակներից է։ MNP-ից օգտվողների թիվը կազմեց բոլոր օպերատորների բաժանորդային բազայի ընդամենը 0,5%-ը։ Եվ սա այն դեպքում, երբ ծառայության ներդրման համար օպերատորները ահռելի ներդրումներ էին կատարել։

Իմ անձնական կարծիքով՝ շուկայի զարգացման այս փուլում MNP-ն այն առանցքային ծառայությունը չէ, որը պետք է ներդնել։ Բաժանորդների համար այն ամենից պահանջարկվածը չէ այսօր։

— Ներդրումներ պետք է կատարվեն նաև Հայաստանում. հաշվի առնելով վրացական փորձը՝ վերադարձելի՞ են դրանք։

— Եթե պետությունը որոշել է գործարկել այդ ծառայությունը և պետք է ներդրումներ արվեն, ուրեմն մենք դրանք կանենք, քանի որ աշխատում ենք օրենսդրական դաշտում։ Թե՛ VimpelCom-ը, թե՛ «ԱրմենՏելը» խնդրին այս տեսանկյունից են նայում։

Բայց կարող եմ ասել, որ Վրաստանում ոչ մի օպերատորի չի հաջողվել վերադարձնել այն գումարները, որոնք ներդրել է ծառայությունում։ Հստակ չեմ հիշում, թե որքան է ծախսվել Վրաստանում, բայց խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

— Beeline-ը վրացական շուկա մուտք գործեց վերջինը։ Հայաստանում MNP-ի ներդրման ջատագովը ևս վերջինը մուտք գործած «Օրանժ Արմենիան» է։ Վրաստանում Beeline-ը շահե՞ց այդ ծառայությունից։

— Երբ ներդվեց MNP-ն, ես խնդիր է դրել, որ բաժանորդները գային մեր ցանց, և ոչ թե հեռանային։ Մենք, կարելի է ասել, շահեցինք այդ ծառայությունից։ Բայց ես չեմ ցանկանում նշել բաժանորդների թիվը, քանի որ այն բավական փոքր է։ Կրկնեմ՝ բաժանորդների համար այս ծառայությունը առաջնային չէ, բաժանորդն օպերատորին ընտրում է անգամ առանց հեռախոսահամարը պահելու։

Իրականում այս ծառայությունը բազաներում էական փոփոխություն չբերեց։ Իհարկե, կան մի խումբ մարդիկ, որոնք հետևում են օպերատորների առաջարկած ծառայություններին և անընդհատ մեկ օպերատորից անցում են մյուսին, բայց նրանց թիվը մեծ չէ։
Վրաստանում, բացի ծախսերից, որոնք կատարվել էին տեխնոլոգիաներում, օպերատորները բավական լուրջ միջոցներ ներդրեցին ծառայությունը գովազդելու համար. ըստ իս՝ դրանք քամուն տված միջոցներ են։

Զրուցել է Արմենակ Չատինյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում