Գլխավոր Լրահոս

Հունիսին կտրուկ արագացել է գնաճը

Հունիսին կտրուկ արագացել է գնաճը

Ընթացիկ տարվա հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 6,5%՝ դուրս գալով Կենտրոնական բանկի նախանշած թիրախային միջակայքից (4±1,5%)։ Եվ սա այն դեպքում երբ մայիսին ցուցանիշը 5,2% էր։ Հուլիսին գնաճի տեմպն էլ ավելի է արագանալու. հուլիսի 7-ից էլեկտրաէներգիան թանկանալու է 27%-ով, գազը՝ 18%-ով։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2013թ. հունվար-հունիսին» հրապարակման՝ 2013թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակը նվազել է 0,1%-ով։ Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,1%-ով, ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0,9% հավելաճ:

Ամսական կտրվածքով գների նվազման պայմաններում հունիսին 12-ամսյա գնաճի տեմպն արագացել է 1,3 տոկոսային կետով։ Հանգամանքը պայմանավորված է անցած տարվա բազայով և սեզոնայնության գործոնի թույլ ազդեցությամբ։ Բանն այն է, որ 2012թ. հունիսին ամսական կտրվածքով գնանկումը կազմել էր 1,3% (պայմանավորված սեզոնայնության գործոնով)։

12-ամսյա գնաճի 6,5% մակարդակի պայմաններում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նախորդ տարվա հունիսի համեմատ աճել են 8,7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 4,8%-ով, ծառայությունների սակագներինը՝ 3,4%-ով։

Ուշագրավ է սեզոնայնության գործոնի թույլ ազդեցությունը։ Համաձայն ԱՎԾ հրապարակման՝ սա պայմանավորված է ինչպես բացասական սպասումներով, այնպես էլ մայիսին կարկտահարության դեպքերով։ Կարկտահարության բացասական ազդեցության մասին խոսում է այն, որ մրգի ապրանքախմբում անցած տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 18,4%-ի գնաճ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում՝ 17,9%։

Գների աճ է արձանագրվել նաև բուսաբուծության և անասնաբուծության ոլորտների արտադրանքի մասով։ Այսպես, հունիսին տարեկան կտրվածքով կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրվել է 10,2% գնաճ, ձվի գները աճել են 18,8%-ով, կաթնամթերքը թանկացել է 10,1%-ով, մսամթերքը՝ 4,2%-ով։

Հունիսին 12-ամսյա գնաճի տեմպի արագացումը, ինչպես նաև պարենային ապրանքների թանկացումը մտահոգիչ այն առումով, որ Հայաստանում աղքատության մակարդակը 35% է։ Բացի այդ, հուլիսի 7-ից բարձրանալու են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, ինչը ուղղակի և անուղղակի բերելու է գնաճի տեմպի էլ ավելի արագացման (սակագներ վերանայման ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվել է 2,5%)։

Մյուս կողմից, Կենտրոնական բանկը թեև կանխատեսել էր գնաճի տեմպի արագացում, սակայն անհասկանալի պատճառներով հունիսի 25-ին անփոփոխ էր պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8%)՝ նախընտրելով «չկոշտացնելով» դրամավարկային քաղաքականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում