Գլխավոր Լրահոս

Ֆինանսական համակարգում ամենաշահութաբերը բանկերը չեն

Ֆինանսական համակարգում ամենաշահութաբերը բանկերը չեն

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (RoE) կազմել է 3,9%, այն դեպքում, երբ վարկային կազմակերպություններում ցուցանիշը 9,8% է եղել, ապահովագրական ընկերություններում՝ 9,5%։

Այս տարվա առաջին եռամսյակում ֆինանսական համակարգում ամենից մեծ շահույթ ստացվել է բանկային համակարգում՝ Դ3,9 մլրդ։ Ցուցանիշը ոչ թե համակարգի բարձր շահութաբերության, այլ «չափսերի» արդյունք է։ Ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 90%-ը բաժին է ընկնում բանկերին, ինչն էլ ապահովում է շահույթի նման ծավալ։

Ներդրողի տեսանկյունից բանկային համակարգն այդքան էլ գրավիչ չէ։ Բանն այն է, որ համակարգում (տարեկանացված) շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA) կազմել է 0,6%, ըստ կապիտալի՝ 3,9%: Եռամսյակի ընթացքում 22 բանկերից շահույթով է աշխատել 17-ը կամ 77%-ը։ Եռամսյակը վնասով է փակել հինգ բանկ կամ համակարգի 23%-ը։

Համեմատության համար՝ թեև վարկային կազմակերպությունների զուտ շահույթը առաջին եռամսյակում կազմել է Դ1,6 մլրդ, շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA) եղել է 3,7%, ըստ կապիտալի (RoE)՝ 9,8%։ Առաջին եռամսյակը շահույթով են փակել վարկային կազմակերպություններից 27-ը կամ 82%-ը, վնասով՝ 6 վարկային կազմակերպություն կամ 18%-ը։

Թյուր է կարծիքը, որ Հայաստանում ֆինանսական տեսակետից գրավիչ չէ ապահովագրական բիզնեսը։ Առաջին եռամսյակը ապահովագրական ընկերություններից 5-ը կամ 72%-ը փակել է շահույթով, 2 ընկերություն կամ 28%-ը՝ վնասով։ 2013թ. առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է Դ330,5 մլն, շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA) եղել է 3,5%, ըստ կապիտալի (RoE)՝ 9,5%։ Եթե հաշվի առնենք, որ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների 64,7%-ը ձևավորվել է ԱՊՊԱ սեգմենտից, որի վնասաբերության ցուցանիշը մարտի վերջի դրությամբ կազմել է 79,6%՝ պոլիսների սակագնի հիմքում դրված 78%-ի դիմաց, ապա շահութաբերության ցուցանիշները վկայում են ապահովագրական ոլորտում ներդրումների գրավչության մասին։

Իհարկե, միայն շահութաբերության ցուցանիշները բավարար չեն ֆինանսական համակարգի առանձին հատվածների ներդրումային գրավչությունը գնահատելու համար, մյուս կողմից՝ վերջին տարիների միտումները հազիվ թե բանկային համակարգի օգտին են։

Հայաստանյան բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է 73,4%, 15 բանկում օտարերկրյա կապիտալի ծավալը գերազանցում է 50%-ը։ Բանկային համակարգում հիմնականում ինստիտուցիոնալ ներդրողներ են, որոնց համար ներդրումների արդյունավետության գնահատման առաջին ցուցիչը գումարների վերադարձելիության ժամկետը չէ։

Սակայն պետք է հաշվի առնել, որ բանկային համակարգի շահութաբերությաննվազումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում խնդիրների խորացումը կարող է բերել նրան, որ Հայաստանի ֆինանսական շուկան սկսեն լքել օտարերկրյա բանկերը։

Համեմատության համար՝ 2012թ. Ռուսաստանի բանկային համակարգի շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA) կազմել է 2,3%, ըստ կապիտալի (RoE)՝ 18,2%։ Հայաստանի բանկային համակարգում զգալի է ռուսական կապիտալի մասնաբաժինը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում