Գլխավոր Լրահոս

ապՍտամբուլը՝ ճարտարապետության պրիզմայով

ապՍտամբուլը՝ ճարտարապետության պրիզմայով

Հեղնար Ուաթենփոն ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմել է Թուրքիայում սոցիալ-քաղաքական զարգացումների, ճարտարապետության և տարածական հիշողության միջև կապի մասին։

Կալիֆոռնիայի համալսարանի Դևիսի մասնաճյուղում Մերձավոր Արևելքի արվեստի և ճարտարապետության պատմության դասախոս Հեղնար Ուաթենփոն ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմել է սոցիալ-քաղաքական զարգացումների վրա ճարտարապետության ազդեցության մասին՝ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած բողոքի հակակառավարական ալիքի լույսի ներքո։ Ուաթենփոն այս թեմայով հոդված է հրապարակել նաև ամերիկյան Haffington Post պարբերականում։

— Հեղնար, Ստամբուլի մասին Դուք շատ հետաքրքիր փորձ և գիտելիքներ ունեք՝ բնակվել եք Ստամբուլում, Մերձավոր Արևելքից եք, արվեստի ու ճարտարապետության պատմաբան։ Գեզի այգու շուրջ այս պոռթկումը ներառում է մասնագիտական Ձեր բոլոր հմտությունները՝ հայկական տեսանկյունը, մերձավորարևելյան զարգացումները, նաև ճարտարապետությունը։ Ինչպիսի՞ն է մասնագետի Ձեր հայացքը։

— Անկասկած սա նաև պատմական բնակավայրի, տարածական հիշողության հարց է։ Որպես ճարտարապետության պատմաբան՝ այս իրադարձությունները ես բացատրում եմ նրանով, որ ճարտարապետության պատմությունը, տարածական հիշողությունը իսկապես կենտրոնական տեղ են զբաղեցնում քաղաքացիների՝ իրենց քաղաքի նկատմամբ վերաբերմունքում. սրա ականատեսն էինք մենք Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում։

— Ի՞նչ է նշանակում տարածական հիշողություն։

— Այն քաղաքային տարածքների նկատմամբ վերաբերմունքի բնակիչների ընկալումն է։ «Թաքսիմ» հրապարակը և նրա շրջակայքը ժամանակակից Ստամբուլի խորհրդանիշն են. 20-րդ դարի ընթացքում այն չափազանց կարևոր հասարակական տարածք է եղել մի շարք պատճառներով՝ սկսած ամենասովորականից, որպես տրանսպորտային հանգույց, մինչև ցույցերի անցկացման հարթակ:

Վերջին տարիներին Թուրքիայի տարբեր վայրերում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները Ստամբուլում տեղի են ունեցել հենց «Թաքսիմ» հրապարակում։ Թաքսիմը հարթակ է նաև ընդդիմադիր խմբերի համար, այսինքն՝ մի վայր, որը խորհրդանշական է և հարուստ հիշողություններով, մի վայր, ուր անցյալում բախվել են ցուցարարներն ու կառավարական ուժերը։

— Գեզի այգին նույնպե՞ս խորհրդանշական է ստամբուլցիների համար։

— Այո՛, և բազում պատճառներով: Այսօր Գեզի այգին Ստամբուլի վերջին կանաչ հանրային տարածքներից է: Ստամբուլը հսկայական քաղաք է, որում շատ քիչ հանրային տարածքներ կան, և Գեզին դրանցից մեկն է: Այն ժամանակակից Ստամբուլի խորհրդանիշն է, տարածք, որը 1940-ականներին Ստամբուլի քաղաքապետարանը, ի դեմս ֆրանսիացի ճարտարապետ Հանրի Փրոստի, նախագծել է որպես քաղաքային անսամբլ։ Քաղաքապետարանն այնուհետև շարունակել է լրացնել այդ անսամբլը, ստեղծել այն, ինչ այսօր տեսնում ենք՝ ներառյալ հիանալի հյուրանոցները «Թաքսիմի» և Գեզի այգու շուրջ։

Ստամբուլի որոշ մասեր խորհրդանշում են ավելի խոր անցյալը, այն դեպքում, երբ Գեզի այգին ու «Թաքսիմը» խորհրդանշում են ժամանակակից տարածքը։ Այստեղ նաև Աթաթուրքի հուշարձանն է։ Գեղեցիկ դիզայնով վայր է, ժամանակակից՝ ի հակադրություն ավելի պատմական ճարտարապետական կոթողների։

Այս վայրն անվանում են «Իսթիքլալ ջադեսի»՝ Անկախության փողոց, որը հայտնի էր Բերայի փողոց անվամբ։ Այստեղ կային 19-րդ դարից մնացած հիանալի վայրեր, որտեղ առկա էր պոլսահայերի հսկայական ներկայությունը՝ Թոքաթլյան սրճարանն ու հյուրանոցը, և այլն… Սրանք այն տարածքներ են, որոնց մասին կարդում ենք, օրինակ, Զապել Եսայանի և այլոց վեպերում։

— Ուշագրավ է, որ ամենը սկսվեց Գեզի այգու շուրջ բնապահպանական խնդրից. հետո ի հայտ եկան այլ արժեքներ՝ կապված այդ տարածքի հայկական և հրեական անցյալի հետ։ Այսինքն՝ երևան եկավ տարածական հիշողությունը, որի մասին խոսեցիք։

— Դժվար է ասել՝ արդյոք բոլոր ցուցարարների մոտ էր այդպես։ Վերջերս թուրքական խորհրդարանը մի օրենք ընդունեց, որը թույլ է տալիս ոչ մուսուլմանական համայնքներին վերականգնել իրենց սեփականության և կալվածքների մեծ մասը կամ դատարանների միջոցով վերանայել անցյալի անարդարությունները։ Սա շարունակական գործընթաց է, որն ընթանում է շատ դանդաղ և անհավասարաչափ, սակայն այս ուղղությամբ քայլեր տարվում են։ «Հրանտ Դինք» հիմնադրամը շատ կարևոր դեր է խաղում պատմական որոշ խնդիրների պարզաբանման հարցում, նրանք ունեն ինտերակտիվ կայք թուրքերենով, որտեղ կարող ես հետևել Ստամբուլում գործող տարբեր հայկական հիմադրամներին, տեսնել տարբեր տարածքներ, որտեղ դրանք գտնվում են։

— Սա լավագույնս է բնորոշում այն, ինչ անվանում ենք հայկական ներկայություն Օսմանյան կայսրությունում։ Չես գիտակցում այդ ամենի ծավալները, մինչև չես տեսնում «Հրանտ Դինք» հիմնադրամի կատարած աշխատանքը։

— Անկասկած։ Եվ ինչպես քաղաքաշինության հետ կապված ամեն ինչ, սա ևս ազդեցություն ունի շուկայի վրա։ Շատերը քննարկել են «Թաքսիմի» շուրջ գտնվող հողերի շուկայական արժեքը, որոնք Սբ Հակոբ գերեզմանատան մաս են եղել։ Մենք խոսում ենք Ստամբուլում ամենաթանկ տարածքների մասին։

— Թուրքիայի վարչապետը, ըստ էության, ոչ միայն ցանկանում էր մի քանի ծառ զոհաբերել, այլև փոխարինում էր այդ ամենը մի կողմից՝ առևտրային հաստատություններով, մյուս կողմից՝ հին օսմանյան զորանոցի կրկնօրինակներով: Որտեղի՞ց այս գաղափարը։

— Սա անչափ հետաքրքիր է։ Քաղաքային պլանավորումը, դիզայնը, ճարտարապետության պատմությունը կենտրոնական տեղ են զբաղեցնում «Արդարություն և զարգացում» կուսակցության վերջին գործողություններում։

Գեզի այգու, «Թաքսիմ» հրապարակի և հարակից տարածքների ստեղծումը արդյունք էր Ստամբուլի պատմության ավելի վաղ շրջանի։ Այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հենց «Թաքսիմն» ու շրջապատող հատվածներն է ընտրել որպես քաղաքային վերափոխման ծրագրերին ենթակա հողեր։ Իշխող կուսակցությունը շատ մեծ ներգրավվածություն ունի այս ծրագրերում, Էրդողանն անձամբ դրանք անվանում է «իմ խենթ ծրագրերը»։ Դրանք չափազանց հավակնոտ են և ուղղված են լիովին վերափոխելու Ստամբուլի համար կարևոր այդ հատվածի արտաքին տեսքն ու կիրառումը:

Բանն այն է, որ բազմաթիվ ստամբուլցիների ու թուրք քաղաքացիների կարծիքով՝ մասշտաբային այս ծրագրերը մշակվել են առանց խորհրդակցելու այն մարդկանց հետ, որոնք բնակվում ու աշխատում են այդ տարածքներում, որոնց կյանքի վրա անմիջական ազդեցություն են ունենալու այդ ձևափոխումները։ Եվ սա առաջին անգամը չէ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու հենց Էրդողանը, որը չափազանց հետաքրքրված է քաղաքային պլանավորմամբ, նման ծրագրեր են իրականացնում։ Ստամբուլի որոշ թաղամասեր, ինչպես Թարլաբաշին, լիովին ձևափոխվել են վերջին տարիների ընթացքում։

— Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ծագել «Թաքսիմում» օսմանյան զորանոցի կրկնօրինակներ կառուցելու գաղափարը։

— Խոսքն իրականում ժամանակակից թուրքական հասարակությունում իսլամական շարժման կոնկրետ պատմական տեսլականի մասին է, որն այսօր ներկայացնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Վերջինիս համար իսլամը, թուրքականության իսլամական չափումն առաջային դերում են։ Եվ նրանք ցանկանում են այս ամենը դրսևորել տեսողական, վիզուալ կերպով։ Օսմանյան ոճի այդ գաղափարը շատերն անվանում են «օսմանյան կարոտախտ»։

Վերակառուցման ենթակա այդ կացարանները չէին լինելու այնպիսին, ինչպիսին էին 19-րդ դարում։ Դրանք լինելու էին ժամանակակից կառույցներ՝ ժամանակակից կյանքի ողջ շքեղությամբ, կոմերցիոն գործառույթներով, առնչվելու էին նեո-կապիտալիզմի, նոր գլոբալ շուկայի գաղափարին։

Մարդիկ, որոնք շահելու էին այս խոշոր ծրագրերից, նոր միջին խավի ներկայացուցիչներն են, որոնք արդեն իսկ շահում են «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունից։ Ցուցարարները բողոքում են նրա դեմ, որ հանրային տարածքները վերածվում են մասնավոր կամ կորպորատիվ տարածքների։ Այսինքն՝ անկանխատեսելի տարածքը, որտեղ ամեն տեսակի իրադարձություն կարող էր տեղի ունենալ, վերածվում է. այսպես ասած. ոստիկաններով հսկվող վայրի՝ նախևառաջ կոմերցիոն նպատակներ հետապնդող։

Շարժման հիմքում սա է։ Այն սկսվեց որպես քաղաքի նկատմամբ իրավունքներ ունենալու շարժում, և մարդիկ ցանկանում էին այդ իրավունքները կիրառել իրենց քաղաքի ամենասիրված հանրային տարածքում։

— Երբ ամերիկացի քաղաքական գործիչներից մեկը նշում էր, որ «ամբողջ քաղաքականությունը տեղական է», նա չէր կատակում։ Սա իսկապես գլոբալ պահանջի տեղական դրսևորում է։

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Civilnet.am կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում