Հուլիսի 1-ին Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի շրջանակում վերջին տրանշի հատկացումը` 55 մլն SDR (մոտ $84 մլն), հաղորդում է ԱՄՀ պաշտոնական կայքը:
ԱՄՀ-ի հաղորդմամբ` 2011թ. Հայաստանում տնտեսական աճը կազմել է 4,7%, 2012թ.` 7,2%, և 2013թ. շարունակում է կրկին ուժեղ լինել: Ըստ ԱՄՀ-ի` ՀՀ Կենտրոնական բանկն անցած տարի վարել է դրամի լողացող ճկուն քաղաքականություն, դիվերսիֆիկացրել է պահուստները 2012թ. մայիս-հունիսի ինտերվենցիայից հետո և ամրապնդել դրամավարկային քաղաքականության հիմքերը: ՀՀ ԿԲ-ն նաև վճռական էր ԱՄՀ-ի ֆինանսական սեկտորի գնահատման ծրագիրն ու ֆինանսական աջակցության տեխնիկական հանձնարարականներն իրականացնելու հարցում:
ԱՄՀ տնօրենների խորհուրդը 2010թ. հունիսին հաստատել է եռամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» $403,8 մլն արժողությամբ ծրագրերը: Ծրագրերի վերջնաժամկետ է սահմանված 2013թ. սեպտեմբերը: Հայաստանը մինչ այժմ ստացել էր $324,4 մլն:
Այս ծրագրերի շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր` ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն և միջնաժամկետում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, ինչպես նաև իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար, պետական ներդրումների ավելացում, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցում և մրցակցության ավելացում:
Civilnet











