Եթե այսօր սեղանին դնենք Արցախի օրենսդրությունն ու համեմատենք թե Հայաստանի, թե Ռուսաստանի, թե, որ այդքան խոսում են, Վրաստանի օրենսդրության հետ, կտեսնենք, որ ամենահարմարը, նաև ներդրումների առումով, Արցախի օրենսդրությունն է. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը հաղորդման շրջանակում նշեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: «Արցախի կառավարությունն էլ անում է ամեն բան, որ Արցախը դառնա գրավիչ ներդրումների համար»,- ասաց նա՝ շեշտելով, որ ներդրումների համար հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգության, երկրի անկայունացման մտավախությունը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ ձեռնարկություններ են բացվել Արցախում. «Կարևոր ձեռքբերում է Ստեփանակերտում հիմնված կտորի արտադրությունը, գորգագործության արտադրությունը, բրդի թելի մշակումը: Այս պահին բանակցություններ են տարվում մի իտալական հագուստի ընկերության հետ՝ Արցախում արտադրություն հիմնելու համար. այդ նախագծով նախատեսվում է բացել շուրջ 300 աշխատատեղ»,- նշեց նա:
Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ըստ նրա, շատ կարևոր է, սակայն բավարար չէ, և այդ պատճառով կարևորվել է երկրորդ մայրուղու կառուցումը, որը հնարավորություն կտա Գեղարքունիքի մարզից մեկ-երկու ժամում հասնել Արցախ: ԼՂՀ փոխվարչապետի խոսքով՝ այդ մայրուղու կառուցումից հետո կզարգանան երթակառուցվածքները, կհիմնվեն նոր ՀԷԿ-եր, շինարարության մեջ կօգտագործվի այդ տեղանքի առատ փայտանյութը:
Արաքսի ափը, ըստ նրա, շատ հարմար է գյուղատնտեսության համար, քանի որ այն, սովորաբար, չի ցրտահարվում, չի կարկտահարվում, մեծ ներուժ ունի վաղահաս կարտոֆիլ մատակարարելու: «Ի՞նչն է խանգարում, որ մենք այս հողատարածքը օգտագործենք ու տոննաներով վաղահաս կարտոֆիլ առաջարկենք Ռուսաստանին»,- նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչած՝ Հայաստանին գազ վաճառելու առաջարկին՝ Աղաբեկյանն ասաց. «Մենք էլ կարող ենք նրանց ջուր վաճառել: Հիմա Սարսանգի ջրամբարում կուտակելով Թարթառ գետը՝ չենք թողնում, որ այն հոսի դեպի այն կողմը, որտեղ զենքը մեզ ուղղած, մեր հակառակորդի զինվորներն են կանգնած: Եթե այդ գազը վաճառելու առաջարկն իրական է, ապա կարող ենք նստել, քննարկել համատեղ կառավարման արդյունավետ ծրագիր»:
Civilnet











