«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անցյալ շաբաթ Իրան կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել երկրի Առևտրաարդյունաբերական պալատի և տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Հարավային երկաթուղու» կառուցման հեռանկարները, այս ուղղությամբ նախատեսվող բեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև հայկական Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները, ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Մոտ $3 մլրդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ. հունվարին: Հենց այդ ժամանակ էլ ՀԿԵ-ի, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել է Փոխհամաձայնության մասին հուշագիր:
«Դուբայում տեղակայված «Ռասիա» ընկերությունն արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Civilnet











