Գլխավոր Լրահոս

Վերջին $84 մլն-ը

Վերջին $84 մլն-ը

Արժույթի միջազգային հիմնադրամի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» վարկային ծրագրերի շրջանակում Հայաստանին հատկացվել է վերջին տրանշը՝ 55 մլն SDR (մոտ $84 մլն) ծավալով։ Ծրագրերի կատարողականում ԱՄՀ մասնագետները թեև առաջընթաց են արձանագրել, այդուհանդերձ նշել են էական մի շարք խնդիրների և մարտահրավերի արձագանքելու անհրաժեշտության մասին։

Հուլիսի 1-ին Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդն ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի կատարողականի վեցերորդ ամփոփիչ ստուգումը և հաստատել վերջին տրանշի հատկացումը՝ 55 մլն SDR (մոտ $84 մլն) ծավալով։

ԱՄՀ-ն արձանագրել է, որ 2011թ. Հայաստանում տնտեսական աճը կազմել է 4,7%, 2012թ.՝ 7,2%, 2013թ. այն շարունակելու է կրկին ուժեղ լինել։ «ՀՀ Կենտրոնական բանկն անցած տարի վարել է դրամի լողացող ճկուն քաղաքականություն, դիվերսիֆիկացրել է պահուստները 2012թ. մայիս-հունիսի ինտերվենցիաներից հետո և ամրապնդել դրամավարկային քաղաքականության հիմքերը։ ՀՀ ԿԲ-ն վճռական էր նաև ԱՄՀ ֆինանսական սեկտորի գնահատման ծրագիրն ու ֆինանսական աջակցության տեխնիկական հանձնարարականներն իրականացնելու հարցում։ Բանկային համակարգի ցուցանիշները առողջ են մնում»,– նշվում է ԱՄՀ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ հիմնադրամի մասնագետների՝ վերջին երեք տարիներին պետբյուջեի պակասուրդի կրճատումը, այդ թվում՝ հարկային եկամուտների աճի հաշվին, վերականգնել է Հայաստանի ֆինանսական կայունությունը և նպաստել արտաքին մարտահրավերներին դիմադրողականության ավելացմանը։

ԱՄՀ-ն ուշադրություն է հրավիրել նաև խնդրահարույց մի շարք գործոնների վրա։ Այսպես՝ Հայաստանում թեև վերականգնվել է տնտեսական կայուն աճը, այն պայմանավորված է եղել հիմնականում վարկավորման և սպառման ծավալների ավելացմամբ, բարենպաստ եղանակային պայմաններով և համաշխարհային շուկայում մետաղների գների աճով։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ են շարունակական քայլեր արտաքին հաշվեկշռի կարգավորման, աղքատության կրճատման, գործարար միջավայրի բարելավման, արտահանմանն ուղղված հատվածի աճի, արտաքին գործոններին դիմադրողականության ավելացման ուղղություններով։ «Իշխանությունների կողմից հայտարարված ծրագրերը պետք է օգնեն էական այս խնդիրների և մարտահրավերների լուծմանը»,– նշել են ԱՄՀ մասնագետները։

«Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» $403,8 մլն արժողությամբ եռամյա վարկային ծրագրերը ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել է 2010թ. հունիսին։ Ծրագրերի վերջնաժամկետ է սահմանված 2013թ. սեպտեմբերը։ Ծրագրի շրջանակում Հայաստանը մինչ այս ստացել է $324,4 մլն-ի միջոցներ՝ պարտավորվելով իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն միջոցառումներ՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն, միջնաժամկետ հեռանկարում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պետական ներդրումների ավելացմանը, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցմանն ու մրցակցության ավելացմանը։

Ի դեպ՝ հուլիսի 1-ին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր։

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին, նշել է, որ կառավարության և ԿԲ արձագանքը խնդիրներին եղել է արագ և թիրախավորված: Մարկ Հորթոնն ընդգծել է նաև, որ պետբյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը նպաստելու է տնտեսության կայունության պահպանմանը, նշվում է կառավարության տարածած հաղորդագրությունում։

«Զրուցակիցները, բարձր գնահատելով արդեն իսկ եզրափակվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագիրը, քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր»,– ասվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում