Պետական գնումների ոլորտում իսկապես առկա են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ֆինանսների նախարարությունն իրականացրել և իրականացնում է աշխատանքներ. հուլիսի 3-ին կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:
Նախարարի խոսքով` կատարված աշխատանքներն ուղղված են եղել գնումների գործընթացներում բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ստեղծմանը և թափանցիկության ապահովմանը: Մասնավորապես` կառավարության կողմից հաստատվել են մրցույթների պայմանագրերի և հրավերների օրինակելի ձևերը, ինչը հնարավորություն կտա ապահովել մրցույթների` միևնույն ստանդարտներին համապատասխանելը:
Դավիթ Սարգսյանը նշեց, որ gnumner.am կայքում արդեն տեղադրվել է տարեկան գնումների հաշվետվությունը և ամսական հաշվետվությունները, թե գերատեսչությունն ինչ գնումներ է կատարել: Անդրադառնալով էլեկտրոնային գնումների համակարգին` նախարարը նշեց, որ այնտեղ իսկապես առկա են խնդիրներ, և իրականացվում են աշխատանքներ` դրանց վերացման ուղղությամբ:
Ըստ ֆինանսների նախարարի` համակարգը չի ապահովում նախարարության կողմից առաջ քաշված պայմանները: Նա նշեց, որ ներկայում եվրոպական բանկի հետ աշխատանքներ են իրականացվում, ինչը հնարավորություն կտա մատակարարի հետ կնքել պայմանագիր և թարմացնել համակարգը:
Հարցին, թե որքան միջոցներ են ծախսվել էլեկտրոնային գնումների համակարգի վրա, նախարարն ասաց, որ միջազգային ծրագրերով համակարգի վրա ծախսվել է $250 հազ.:
«Այնպես չէ, որ համակարգը չի գործում, սակայն առկա են խնդիրներ»,- ասաց Դավիթ Սարգսյանը` դժվարանալով նշել, թե համակարգի վրա ծախսված միջոցները եղել են վարկային, թե դրամաշնորհային:
Նախարարը չհամաձայնեց ՎՊ նախագահի հայտարարությանը, թե պետբյուեջի 700 մլրդ դրամը վատնվել է: Ըստ Դավիթ Սարգսյանի` պետբյուջեի հաշվին այդ ծավալի գնումներ չեն իրականացվում: Նրա խոսքով` պետական միջոցների հաշվին գնումների ընդհանուր ծավալը կազմում է 262 մլրդ դրամ, իսկ եթե հաշվի առնվեն նաև վարկային ծրագրերով և այլ ծրագրերով իրականացված գնումները, ապա վերջիններիս ծավալը կազմում է 445 մլրդ դրամ:
Civilnet











