Գլխավոր Լրահոս

Ֆինանսների նախարարը խոսել է պետգնումների համակարգում խնդիրների մասին

Ֆինանսների նախարարը խոսել է պետգնումների համակարգում խնդիրների մասին

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ, 3-ը հուլիսի, Երևան։

Հայաստանում դեռ 2009-ից պետական բոլոր գնումները պետք է իրականացվեին էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով. այն իրականում շահագործման հանձնվեց միայն 2011թ. վերջին։ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով՝ թեև համակարգը գործում է, և որոշ գնումներ իրականացվում են, այնուամենայնիվ առկա են խնդիրներ։ Էլեկտրոնային գնումների համակարգի ստեղծման համար միջազգային ծրագրերով ծախսվել է մոտ $250 հազ.։

2006թ. կառավարությունը հաստատեց «Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման» ռազմավարությունը, այն պետք է գործեր 2009թ.։ Համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ֆինանսավորումը պետք է իրականացվեր պետական բյուջեի, Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացում» վարկային ծրագրի և այլ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին։

Համակարգն իրականում շահագործման հանձնվեց 2011թ. վերջին։ Այդ ժամանակ նախատեսվում էր, որ 2012թ. ընթացքում համակարգի միջոցով կիրականացվի պետական գնումների մոտ 85%-ը (շուրջ 60 գերատեսչություններում)։ Անցած տարվա կեսին պարզ դարձավ, որ համակարգն իրականում թերի է։ Խնդիրները հարթելու ուղղությամբ այժմ աշխատանքներ է տանում համակարգի պատասխանատուն՝ ֆինանսների նախարարությունը։

Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությունում նշվում է՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էլեկտրոնային գնումների համակարգը փաստացի չի գործում։ «Դեռ ավելին՝ ծրագրի բանալիները (կոդերը) պարզապես գոյություն չունեն։ Ծրագիրը ձախողված է», – ասվում է հաշվետվությունում։

Երեկ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը միայն մասամբ համաձայնեց Վերահսկիչ պալատի գնահատականներին։ Նախարարը չընդունեց նաև ձևակերպումը, թե բացակայում է էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխումների 2013-2015 թթ. ճանապարհային քարտեզը։

Ըստ Դավիթ Սարգսյանի՝ էլեկտրոնային գնումների համակարգն աշխատում է, պարզապես այն լիարժեք չէ և չի ապահովում գործառութային բոլոր այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են։ «Աշխատանքներ են տարվում խնդիրները շտկելու ուղղությամբ։ Խնդիրները, որոնք ֆիքսվել են, այս պահին շարադրված են։ Կազմվել է նոր տեխնիկական առաջադրանք՝ թե ինչպիսի լուծումներ են պահանջվում, որ համակարգը աշխատի», – նշեց Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, թե համակարգը թարմացնելու համար ներկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ աշխատանքներ են տարվում մատակարար կազմակերպության հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։

ՍիվիլՆեթի հարցին, թե մինչ այժմ որքան գումար է ուղղվել համակարգի գործարկմանը, նախարարը պատասխանեց, որ միջազգային ծրագրերով ծախսվել է շուրջ $250 հազ.։ Միևնույն ժամանակ, Դավիթ Սարգսյանը դժվարացավ նշել՝ դրանք եղել են վարկային միջոցներ, թե դրամաշնորհներ։

Ստացվում է, որ պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում քաղաքականություն մշակող և իրականացնող գերատեսչությունը ոչ միայն լիարժեք քայլեր չի կատարել գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, այլև ինքն է անարդյունավետ ծախսել միջոցները։

Ֆինանսների նախարարության մեկ այլ կայք՝ gnumner.am-ը, նույնպես ուղղված չէ գնումների ոլորտի թափանցիկության ապահովմանը, թեև Սարգսյանը նշեց, որ այս նպատակով կայքում արդեն տեղադրվել են 2012թ. գնումների հաշվետվությունները, այսուհետ տեղադրվելու են նաև ամսական հաշվետվությունները։

Նախարարը չհամաձայնեց ձևակերպմանը, թե կայքը «մեռած է» (եթե կայքի ներբեռնումը գերազանցում է 3-5 վայրկյանը)՝ նշելով, թե այն կենդանի է և գործում է։ Սարգսյանը վստահեցրեց նաև, որ հանձնարարական է տրվել պետական գերատեսչություններին՝ գնումների բոլոր հայտարարությունները մինչև սեպտեմբեր «յունիկոդ» տառատեսակով տեղադրելու համար։

Համաձայն 2010թ. կառավարության ընդունած որոշման՝ փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև պետք է իրականացվի միայն «յունիկոդ» տառատեսակով։ Ստացվում է, որ անտեսվել է կառավարության որոշումը, իսկ ֆինանսների նախարարությունն աչք է փակել այս հանգամանքի վրա։

Պետական մարմինների կողմից ոչ «յունիկոդ» տառատեսակների օգտագործումը կարող է խոչընդոտել որոնողական համակարգերում հայտարարությունների արդյունավետ փնտրման և դրանց արտածման հնարավորությունը։ Ռուսական պրակտիկայում պետական մարմինները գնումների «գաղտնիությունը» որոնողական համակարգերում ժամանակ առ ժամանակ ապահովում են որոշ բառերում տառերի փոխարեն թվեր օգտագործելով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում