Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության` հուլիսի 4-ի նիստին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարեց նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների ակտերն ուղարկել իրավապահ մարմիններին:
Տիգրան Սարգսյանի խոսքով` յուրաքանչյուր ստուգումից հետո ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտումները պետք է ներկայացնի հանրությանը: Գործադիրի ղեկավարը նշեց, որ պետական միջոցների ոչ արդյունավետ կիրառման վերաբերյալ նախագահի հայտնի խորհրդակցությունից հետո կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել` որոշումներ են ընդունվել, պետական գերատեսչությունների մասնագետները վերապատրաստվել են, ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է իրականացնել դիտարկումներ, թե ինչպիսին է իրավիճակն այսօր:
«Եկել է պատասխան տալու ժամանակը, և մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման դեպքում»,- ասաց վարչապետը:
Civilnet











