Կառավարությունը ծրագրում է 2014թ. աշխատանքային միջին կենսաթոշակի չափն ավելացնել 20%-ով՝ հասցնելով Դ37,6 հազ-ի։ Համաձայն հուլիսի 4-ին գործադրի կողմից հաստատված «Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի»՝ 2015-ին ամսական կենսաթոշակները կավելանան ևս 15,1%-ով՝ մինչև Դ43,3 հազ.։ Ծրագիրը 2016թ. համար կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում։
Միջնաժամկետ ծախսային ծրագրով կենսաթոշակի հիմնական չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 2014թ. համար նախատեսվում է բարձրացնել համապատասխանաբար 7,7%-ով՝ մինչև Դ14 հազ. (2013-ին՝ Դ13 հազ.,) և 28,9%-ով՝ մինչև Դ580 դրամ (2013-ին՝ Դ450)։ 2015թ. համար կենսաթոշակի հիմնական չափն ակնկալվում է Դ16,3 հազ-ի (տարեկան աճը՝ 16,4%), իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ Դ660-ի (տարեկան աճը՝ 13,8%) մակարդակում։
Մյուս կողմից՝ ընթացիկ տարվա հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված գնաճը ըստ ԿԲ կանխատեսումների կարող է կազմել մինչև 8%՝ բյուջեի հիմքում դրված 4±1,5%-ի դիմաց՝ 2014-ին կայունանալով թիրախային ցուցանիշի շրջանակում։
Ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ աշխատանքային կենսաթոշակների բարձրացման հետևանքով 2014թ. պետբյուջեի ծախսերը կավելանան Դ34,8 մլրդ-ով (2013թ. ծախսերը ծրագրված են Դ167,5 մլրդ-ի մակարդակում), իսկ 2015-ին՝ 2014թ. նկատմամբ՝ արդեն Դ30,7 մլրդ-ով։
Նախատեսվում է նաև, որ գալիք տարի կենսաթոշակառուների թվաքանակը կավելանա 3,7 հազ-ով (2013-ին կենսաթոշակառուների թիվը՝ 445238)։
2014-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասով պետբյուջեի ծախսերը կկազմեն Դ20,85 մլրդ, 2015-ին՝ Դ26,82 մլրդ, 2016-ին՝ Դ32,61 մլրդ։ Ծախսերը պայմանավորված են նրանով, որ աշխատակիցների կողմից աշխատավարձային եկամուտների 5%-ը փոխանցվելու են անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշիվներին, իսկ պետությունը կրկնապատկելու է գումարը՝ պետական բյուջեից համարժեք փոխանցում կատարելով։
Ի դեպ, միջնաժամկետ ծախսային ծրագրում արտացոլված տնտեսական և հարկաբյուջետային չափանիշները դրվելու են 2014թ. պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:
Civilnet











