2013թ. հինգ ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ Դ409 մլրդ, ծախսերը՝ Դ377,7 մլրդ։ Համաձայն ֆինանսների նախարարության «2013թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագրի»՝ բյուջեի եկամտային և ծախսային մասերը համապատասխանաբար 81,4%-ով և 74,9%-ով ապահովել են կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը։
Պետբյուջեի ծախսային մասը, ըստ էության, շարունակվում է թերակատարվել, չնայած ֆինանսների նախարարության վստահեցմանը, թե «ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մայիս ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»։
Ծախսային մասի թերակատարումը նպաստել է նրան, որ հինգ ամիսների կտրվածքով պետբյուջեն կատարվի Դ31,2 մլրդ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված Դ2,2 մլրդ պակասուրդի դիմաց։ Իհարկե, ծախսային մասի տնտեսումներն առաջին հայացքից ողջունելի են, սակայն պետք է հաշվի առնել, որ այս տարվա հարկաբյուջետային քաղաքականությունը պահանջարկի ազդեցության տեսանկյունից արդեն իսկ զսպող է, և պետական գերատեսչությունների կողմից ծախսային հոդվածների թերակատարումը էլ ավելի է սեղմում պահանջարկը։
Պետական մարմինների կողմից պահանջարկի սահմանափակումը տնտեսական աճի և բիզնեսի վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ՝ քանի որ հարկերի միջոցով քաշվող միջոցները ծախսերի տեսքով հետ չեն մղվում տնտեսություն։
Այսպես, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հունվար-մայիսին պետբյուջեի եկամուտներն աճել են 19,6%-ով կամ Դ67,1 մլրդ-ով՝ հիմնականում հարկային եկամուտների աճի հաշվին։ Պետական բյուջեի եկամուտների 95,2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4,7%-ը՝ այլ եկամուտների, 0,1%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին։
2013թ. հունվար-մայիսին պետբյուջե են մուտքագրվել ավելի քան Դ389 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ կազմելով են կիսամյակային ծրագրի 82,7%-ը։ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են Դ65,9 մլրդ-ով, ինչը մեծամասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), մաքսատուրքի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով։
Պետբյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 40,6%-ն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին՝ կազմելով Դ158 մլրդ, ինչը 23,3%-ով կամ Դ29,8 մլրդ-ով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Աճը, ըստ ֆիննախի, ապահովվել է հիմնականում ներմուծումից ստացված եկամուտների հաշվին։ Հանգամանքը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս տարվա հինգ ամիսներին ներմուծումը կրճատվել է 2,8%-ով։ Էլ ավելի անհասկանալի է, թե ինչպես են ներկրման ծավալների կրճատման պայմաններում մաքսատուրքի գծով պետբյուջեի մուտքերը 2012թ. հինգ ամիսների համեմատ ավելացել 40,9%-ով՝ կազմելով Դ19,1 մլրդ։
Այս տարվա հինգ ամիսներին հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է Դ12,5 մլրդ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից՝ Դ5,5 մլրդ դրամ: Տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 14,4%-ով, ներմուծվող ապրանքների գծով մուտքերը՝ ավելացել 19,5%-ով։ Թեև այս ամենի արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 6,6%-ով կամ Դ1,1 մլրդ-ով և կազմել Դ18 մլրդ, տեղական արտադրության գծով մուտքերի նվազումը վկայում է տեղական արտադրության կրճատման մասին։ Մյուս կողմից՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով խմիչքի արտադրության ծավալներն ավելացել են 7,7%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 2,2 անգամ։ Իհարկե, արտադրությունը կարող է ավելացած լինել արտահանման հաշվին, սակայն մտահոգիչը այն է, որ տեղական արտադրանքը ներքին շուկայում կորցնում է մրցունակությունը։
Որ տնտեսությունում առկա են խնդիրներ, իսկ ԱՎԾ-ի տվյալները համարժեքորեն չեն արտացոլում իրականությունը, վկայում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հինգ ամիսներին շահութահարկի գծով մուտքերի աճը ընդամենը 1,5%-ով (կազմելով Դ51,8 մլրդ)՝ տնտեսական ակտիվության 5,3% ցուցանիշի պայմաններում։
Առկա խնդիրների մասին է խոսում նաև այն, որ կառավարության կողմից իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումների դիմաց առաջին հինգ ամիսներին ստացված Դ28,2 մլն-ի շահաբաժինները ապահովել են կիսամյակային ծրագրի 19%-ը։ Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրված Դ913,7 մլն տոկոսավճարները կազմել են կիսամյակային ծրագրային ցուցանիշի 28%-ը։
Civilnet











