Լուսանկարը` mining-technology.com-ի
Առաջիկայում մի շարք միջազգային բանկերի, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆինանսական վերլուծաբաններ «Գեոթիմի» հրավերով կայցելեն Ամուլսար, ասված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում: «Գեոթիմը» «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլի» խոշոր բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Այցելուների թվում են BNP-Paribas-ը, Bank of Montreal-ը (BMO), Scotia Bank-ը, Resource Capital Funds-ը, Ասիական զարգացման բանկը և շվեյցարական Earth Resources-ը: Հաղորդագրության համաձայն` այս հաստատությունների մեծ մասի համար սա առաջին այցելությունն է Հայաստան:
Այցի մասնակիցները կծանոթանան Ամուլսարի ծրագրին և Հայաստանում միջազգային ներդրումային մթնոլորտին ընդհանրապես: Այցելություն կլինի նաև Ամուլսարի շրջակա գյուղերը` Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում «Գեոթիմի» կողմից համայնքներում իրականացվող տնտեսական զարգացման նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով:
Հաղորդագրությունում նշվում է, որ ներկայում աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային մթնոլորտը որոշակի մարտահրավերների առաջ է կանգնած՝ թե՛ հումքի համաշխարհային գների տատանումների և հանքարդյունաբերության համար անհրաժեշտ մեծ ծախսերի, թե՛ օրենսդրական ռիսկերի հետ կապված ձգձգումների պատճառով:
«Ամենամյա այցելություններից բացի` 11 կոմերցիոն բանկեր և երեք միջազգային կամ տարածաշրջանային ֆինանսական հաստատություններ արդեն այցելել են Ամուլսար՝ ծրագրի ֆինանասավորմանը մասնակցելու հեռանկարով: Աշխարհի տարբեր կողմերից այդ բանկերի թվում են Unicredit-ը, BNP-ն, Rand Merchant Bank-ը, ING-ն, Raiffeissen-ը, Societe General-ը, Natixis-ը, Nedbank-ը, Standard Bank-ը և Citibank-ը: Ամուլսարի ծրագիրը միջազգային ներդրումային շատ կազմակերպությունների համար Հայաստանի ներդրումային միջավայրում գործունեության համար առաջին հնարավորություններից է»,- ասված է «Գեոթիմի» տարածած հաղորդագրությունում:
Civilnet











