Հուլիսի 7-ից խոշոր գազասպառողների համար գազի սակագնի 14%-ով բարձրացման պայմաններում ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) սեղմված բնական գազը թանկացել է միջինը 23%-ով։ Գնի նման բարձրացումը հիմնավորված չէ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեռ հունիսին հաշվարկել էր, որ խոշոր գազասպառողների համար գազի սակագնի վերանայումը գազալիցքավորման կայաններում կհանգեցնի գների ընդամենը 5% բարձրացման։
Խոշոր գազասպառողները (10 հազ. խմ և ավելի) հուլիսի 7-ից 1000 խմ-ի համար սկսել են վճարել $276,98՝ նախկին $243,13-ի դիմաց։ Սակագնի մոտ $34-ով կամ 14%-ով բարձրացումը, ինչպես և ակնկալվում էր, առաջին հերթին հանգեցրել է ավտոգազալիցքավորման ճնշակայաններում սեղմված բնական գազի թանկացման։ Այսպես, եթե նախկինում 1 խմ-ի համար վարորդները վճարում էին Դ160-165, ապա ներկայում` արդեն Դ200-205։ Ստացվում է, որ ԱԳԼՃԿ-ների համար գազի սակագնի 14%-ով վերանայումը հանգեցրել է վաճառքի գնի 23% բարձրացման։
Նման թանկացումը հիմնավորված չէ։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ սեղմված բնական գազի գինը, հաշվի առնելով նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործոնը, պետք է բարձրանար Դ15-ով կամ մոտ 10%-ով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսին հաշվարկել էր (թեև սա հանձնաժողովի գործառույթներում չէ), որ հուլիսից գազի սակագնի վերանայումը գազալիցքավորման ճնշակայաններում գների վրա կունենա 5% (8,5՝ 1 խմ-ի հաշվով) բարձրացման ազդեցություն։
Բոլոր հաշվարկներից երևում է, որ ԱԳԼՃԿ-ներում 1 խմ սեղմված գազի գնի բարձրացված Դ40-ում հիմնավորված չէ առնվազն Դ25-ը։ Եթե հաշվի առնենք, որ ԱԳԼՃԿ-ները տարեկան կտրվածքով իրացնում են մոտ 420 մլն խմ գազ, ապա գնի չհիմնավորված բարձրացման արդյունքում նրանց եկամուտները մինչև 2015թ. հուլիս ընդհանուր առմամբ կավելանան Դ10,5 մլրդ-ով (ավելի քան $25 մլն)։
Թեև Հայաստանի տարածքում գործում է ավելի քան 300 ԱԳԼՃԿ, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունների արդյունքներով սեղմված գազի ապրանքային շուկայում գերիշխող չկա, երևանյան ԱԳԼՃԿ-ներում գների գրեթե նույնական բարձրացումը չի բացառում տնտեսավարողների միջև գաղտնի՝ հակամրցակցային համաձայնության։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն արգելում է հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը)։ Հակամրցակցային է համարվում համաձայնությունը «միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն)»։ Հակամրցակցային համաձայնություն կնքելու համար սահմանված է տուգանք՝ Դ5-200 մլն-ի չափով։
ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստվում է ուսումնասիրել ԱԳԼՃԿ-ներում սեղմված բնական գազի գնի բարձրացման համաչափությունը, հանձնաժողովի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ ՏՄՊՊՀ-ն սեղմված բնական գազի ապրանքային շուկայում վերջին լայնածավալ կառուցվածքային ուսումնասիրությունը իրականացրել է 2011թ., և այդ պահի դրությամբ նշված ոլորտում գերիշխող տնտեսավարողներ չեն գրանցվել: «Ձեր բարձրացրած հարցի հետ կապված` տեղեկացնենք, որ նկատի ունենալով քաղաքացիներից ստացված դժգոհությունները, ինչպես նաև հնարավոր չարաշահումների վերաբերյալ մամուլի հրապարակումները` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով այսօրվանից (հուլիսի 9 – խմբ.) հանձնաժողովի մոնիթորինգի խումբը երկօրյա դիտանցումներ կիրականացնի մայրաքաղաքի մի շարք գազալցակայաններում: Դիտարկումների ընթացքում կֆիքսվեն տարբեր գազալցակայաններում գազի գնի փոփոխությունները, որից հետո դրանց հիմա վրա հանձնաժողովը կկատարի մասնագիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ: Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»,– տեղեկացրեցին հանձնաժողովում:

Civilnet










