Մենք կորցնում ենք հայկական գինու համ հասկացությունը. հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` խոսելով Հայաստանում գինեգործության վիճակի մասին:
«Գնալով ավելի մոդայիկ է դառնում եվրոպական խաղողի օգտագործումը հայկական գինու պատրաստման մեջ, սակայն պետք է փորձել կորզել հայկական խաղողից լավը, քան դրսինը բերել Հայաստան»,- ասաց նա:
Ներկայացնելով 2013թ. առաջին ամիսներին Հայաստանում խմիչքների արտադրության ծավալը` փորձագետը նշեց, որ գինու արտադրությունն աճել է 20%-ով, օղունը` 5%-ով, շամպայնինը` 3%-ով, սակայն անկում է ապրել կոնյակի արտադրությունը` 7%-ով և գարեջրի արտադրությունը` 5%-ով:
Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ` այս տարի Հայաստանն աննախադեպ խաղողի բերք կունենա և չնայած Արմավիրում կարկտահարության հետևանքով որոշակի կորստին` մյուս շրջաններում ակնկալվում է բերքատվության բավական բարձր մակարդակ:
Գինեգործների միության նախագահը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կստեղծվի «Հայկական գինի» միությունը, որի նպատակն է լինելու հայկական գինու ոլորտի կառավարումը: Նա հավելեց, որ առաջիկա ամիսներին հայկական գինի արտադրող մի շարք ընկերություններ Շանհայում, Մոսկվայում, Դյուսելդորֆում պետական ֆինանսավորմամբ կներկայացնեն հայկական գինին: «Սառույցը տեղից շարժվեց, և առաջին անգամ պետությունը կանգնում է արտադրողի կողքին»,- ասաց Ավագ Հարությունյանը` հավելելով, որ հոկտեմբերին Ստրասբուրգում կնշվի Հայաստանի գինու օրը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայի հետ բանակցություններ են ընթանում Վայոց ձորում գինու համալսարան բացելու շուրջ:
Խոսելով նոյեմբերին նախատեսված ԵՄ ասոցացման համաձայնագրի կնքման մասին` Ավագ Հարությունյանը նշեց, որ ասոցացման համաձայնագրի կնքման արդյունքում Հայաստանը կազատվի շիշը և խցանը ներմուծելու համար 12% հավելյալ հարկից, քվոտաների հարցում կունենա զիջումներ, ինչպես նաև «կթեթևանա» հայկական գինու մուտքը Եվրոպա:
«Մյուս կողմից` դա ստիպելու է մտնել որակի նոր դաշտ, որին հայկական արտադրողները դեռ պատրաստ չեն»,- ասաց Գինեգործների միության նախագահը` հավելելով, որ պետք է զգուշանալ այստեղ քաղաքականության ազդեցությունից: Որպես օրինակ նա նշեց 2008թ. ռուս-վրացական պատերազմը, որից հետո Ռուսաստանն արգելեց վրացական գինիների մուտքն իր երկիր: Ավագ Հարությունյանն ընդգծեց, որ թեև հայկական գինին Ռուսաստանում երբեք լուրջ չի ընդունվել և հիմնական սպառողը հայկական սփյուռքն է, այդուհանդերձ, Ռուսաստան արտահանվող գինու ծավալը բավական մեծ է:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Civilnet











