Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3» ծրագրում փոփոխություններ են սպասվում։ Կառավարությունը ծրագրում ներգրավել է ևս մեկ վարկատուի՝ Եվրոպական ներդրումային բանկին, որը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորել Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների 50%-ը։ Արդյունքում ծրագիրը ենթարկվելու է փոփոխությունների, իսկ ԱԶԲ «ազատված միջոցներն» ուղղվելու են հարավային ուղղություն։
ԱԶԲ տնօրենների խորհուրդն այս տարվա մարտին պետք քննարկեր և հաստատեր «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3» ծրագրով Հայաստանին $180 մլն վարկային միջոցների հատկացումը, ինչին պետք է հաջորդեր հայկական կողմի հետ պայմանագրի ստորագրումը։ Սակայն մարտին հայտարարվեց, որ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստակամություն է հայտնել 50%-ով համաֆինանսավորել «Տրանշ-3»-ով նախատեսվող շինարարական աշխատանքները (Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի վերակառուցում)։ Վերջին այս հանգամանքով պայմանավորված էլ անհրաժեշտություն է առաջացել պատրաստել նոր ծրագրային փաթեթ և այն կրկին ներկայացնել ԱԶԲ տնօրենների խորհրդի հաստատմանը։
Պարզ չէ միայն, թե ինչու է նոր վարկատու ներգրավվում հենց «Տրանշ-3» ծրագրում։ Եթե Եվրոպական ներդրումային բանկն իսկապես պատրաստակամ է $90 մլն-ի ֆինանսական մասնակցություն ունենալ ենթակառուցվածքային այս նախագծում, ինչու այդ միջոցները չուղղել ճիշտ նույնքան գնահատված Գյումրի-Բավրա մաքսային անցակետ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին, իսկ ԱԶԲ-ի կողմից այս հատվածի համար նախատեսվող «Տրանշ-4»-ը ($90 մլն) վերաուղղել հարավային ուղղություն։ Այս դեպքում հնարավոր կլիներ խուսափել «Տրանշ-3»-ով աշխատանքների վերակազմակերպման ավելորդ բյուրոկրատական քաշքշուկից և միջոցները օր առաջ մղել տնտեսություն։
Մյուս կողմից, հաշվի առնելով ներկայում առաջացած ընթացակարգային խնդիրները, ինչպես նաև նախորդ՝ «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով աշխատանքների նախապատրաստման փորձը, «Տրանշ-3»-ով շինաշխատանքների կապալառուի մրցույթը լավագույն դեպքում հնարավոր կլինի հայտարարել այս տարվա չորրորդ եռամսյակում, իսկ արդյունքներն ամփոփել արդեն գալիք տարի։ Սա նշանակում է, որ բուն շինաշխատանքները կարող են սկսվել միայն հաջորդ տարվա երկրորդ կեսից։
«Տրանշ-3»-ով աշխատանքների ձգձգումը պայմանավորված է նաև կառավարության թերացումներով։ Այսպես՝ անցած տարվա նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի ծրագրերի կառավարումը գնահատող նիստը (Management Review Meeting), որի ժամանակ քննարկվել է «Տրանշ-3» ծրագրով միջոցների հատկացման հարցը, սակայն վերջնական որոշում չի կայացվել՝ հայկական կողմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մինչ այդ «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով նախատեսված աշխատանքների արժեքը նախատեսված ծավալը գերազանցել էր մոտ $10 մլն-ով։ Բանկում պնդել էին որ «պակասուրդը» ֆինանսավորի հայկական կողմը, հայկական կողմում նախատեսում էին դա անել «Տրանշ-3»-ով հատկացվելիք միջոցների հաշվին։
«Հյուսիս-հարավում» շինաշխատանքների ձգձգումը սկսում է խրոնիկ բնույթ կրել։ Ասիական զարգացման բանկը ճանապարհային այս միջանցքի ֆինանսավորման վարկային ծրագիրը հաստատել է 2009թ. սեպտեմբերին, «Տրանշ-1» ծրագիրը ($60 մլն ծավալով) ստորագրվել է 2009թ. հոկտեմբերին, «Տրանշ-2»-ը ($170 մլն)՝ 2011թ. մայիսին։ Շինաշխատանքների մեկնարկը տրվել է միայն 2012թ. սեպտեմբերին։
«Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերում ամրագրված է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։
2012թ. ապրիլին աշխատանքների կապալառու իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը հայտարարեց, որ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները պատրաստ կլինեն 18 ամսից (2013թ. աշնանը), իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսից կամ 2015թ. աշնանը։
ԱԶԲ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա 556 կմ երկարությամբ ճանապարհը կապվելու է Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ մատչում ապահովելով Փոթիի և Բաթումի նավահանգիստներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը ԱԶԲ վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարի ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, հետագայում՝ 1,5%)։ Կառավարության համաֆինանսավորումը ծրագրում կազմելու է $462 մլն, որից $177 մլն-ը՝ հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։
Civilnet











