Գլխավոր Լրահոս

Ռուսական ուժի և եվրոպական խոստման միջև

Ռուսական ուժի և եվրոպական խոստման միջև

Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը վարում են հակահայ քաղաքականություն՝ փորձելով Հայաստանը ծնկի բերել տնտեսական շրջափակման և քաղաքական մեկուսացման ճանապարհով, պաշտոնական Երևանը ստիպված է լինելու ինքնակամ մնալ «ռուսական հովանոցի» տիրույթում:

Վերջին շաբաթներին բուռն քննարկումների թեմա էր դարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների խնդիրը: Այդ քննարկումներից և արվող հայտարարություններից տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանն է որոշում կայացնողը՝ մնա՞լ ռուսական քաղաքական, ռազմական ու տնտեսական ազդեցության, այսպես կոչված` «ռուսական հովանոցի» շրջանակում, թե՞ թեքվել դեպի ԵՄ: Ավելին, եթե ռուսամետ և հակառուս շրջանակները շեշտում են «կամ, կամ» տարբերակը, այսինքն՝ Հայաստանը պետք է հստակ ընտրություն կատարի` կա՛մ դեպի Ռուսաստան, կա՛մ դեպի ԵՄ, ապա գործող իշխանությունները և եվրոպական կառույցները ներկայացնող դիվանագետները առաջարկում են «և, և»-ի տարբերակը, այն է՝ Հայաստանը արտաքին քաղաքական առաջնահերթություններում առաջնորդվում է փոխլրացման սկզբունքով՝ պահպանում է ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ և միաժամանակ խորացնում ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Այս քննարկումների շրջանում՝ հուլիսի 10-ին, Երևան ժամանեց Եվրոպական Միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Չեխ դիվանագետը  հստակ հայտարարեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանին չի ստիպում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ հակառակը՝ խրախուսում է շարունակել և խորացնել ավանդական լավ հարաբերությունները: Ֆյուլեն շատ հստակ հայտարարեց նաև, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի սահմանափակելու Հայաստանի հնարավորությունները և ներուժը՝ շարունակելու զարգացնել և խորացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների ու հարևանների հետ:

Հայաստանը հետխորհրդային ևս հինգ երկրների՝ Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ 2008-ից ներգրավվել է ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ, որը ենթադրում է այդ երկրների՝ ավելի խորը և ընդգրկուն համագործակցություն ԵՄ-ի հետ, բայց ոչ անդամակցություն: Այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողով, որի ընթացքում այդ երկրներից մի քանիսը, այդ թվում՝  Հայաստանը, նախաստորագրելու են Ասոցացման համաձայանգիր: Համաձայնագրի տեքստը դեռևս չի հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ այդ համաձայնագրի ստորագրումը մի շարք արտոնություններ ու հնարավորություններ է տալու Հայաստանին ու նրա քաղաքացիներին: Ֆյուլեն շատ հստակ հայտարարեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում պետք է շահած դուրս գան երկու կողմերը հավասարապես, այնպես չէ, որ ԵՄ-ն միայն տալու է, իսկ Հայաստանը՝ ստանալու:

2008-ին, երբ ԵՄ-ն հայտարարեց Արևելյան գործընկերության մասին, Ռուսաստանը բավականին խիստ արձագանքեց: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ԵՄ-ն փորձում է նոր «ազդեցության ոլորտ» ստեղծել` Արևելյան գործընկերության ծրագիր նախաձեռնելով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Ռուսաստանը, օգտագործելով ռազմական և տնտեսական ներուժը, փորձում է իր ազդեցության ոլորտում պահել այդ երկրներին: Անգամ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք հետևողականորեն ձգտում էին դուրս գալ ռուսական ազդեցությունից և թեքվել դեպի ԵՄ, ստիպված են հաշվի նստել Ռուսաստանի հետ: Այդ երեք երկրներում տեղի ունեցած իշխանափոխությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ պետությունը հետխորհրդային տարածքում: Այդ երկրները բազմաթիվ թելերով կապված են Մոսկվային, ինչը վերջինիս թույլ է տալիս հարկ եղած պահին ցավալի հարված հասցնել: 2008թ. օգոստոսին Վրաստանը զգաց հարվածի դառնությունը:

Հայաստանը ոչ հնարավորություն և ոչ էլ համապատասխան ներուժ ունի, որպեսզի կարողանա միաժամանակ խորացնել համագործակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Գալիս է մի պահ, երբ տարածքով փոքր և ազդեցությամբ ոչ նշանակալի պետությունները ստիպված են լինում կատարել ընտրություն: Բայց առաջին հերթին Հայաստանը խոցելի է այլ պատճառներով: Քանի դեռ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, արտաքին քաղաքական առաջնահերթությունների հարցում Երևանը ստիպված է լուռումունջ դիմանալ ռուսական քմահաճություններին: Հայաստանի կողմից հակառուսական ընկալվող ամեն մի քայլի դիմաց մենք ստիպված կլինենք շատ թանկ վճարել Արցախյան հարցում: Խոսքն այն մասին չէ, թե Ռուսաստանը Արցախի հարցում աջակցում է Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Այդպես չէ. Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանը և հայ ժողովուրդն է: Բայց եթե Ռուսաստանը զգա, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վտանգում է իր կենսական շահերը Կովկասում, ապա Հայաստանին պատժելու նպատակով առաջին հերթին օգտագործելու է հենց Արցախյան խաղաքարտը:

Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու բազմաթիվ այլ լծակներ ունի: Արտերկրից ամեն տարի Հայաստան փոխանցվող գումարների ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Եթե Ռուսաստանը դժվարություններ ստեղծի իր երկրում աշխատող Հայաստանի քաղաքացիների համար, ապա դա ուղղակի աղետ կլինի Հայաստանի տնտեսության և տասնյակ հազարավոր ընտանիքների համար: Դա իր հերթին կբերի ներքին ընկերային դժգոհության Հայաստանում և արտագաղթի նոր ալիքի: Հայաստանից Ռուսաստան կախվածությունը հասկանալու համար բավական է լինել Երևանի օդանավակայանում և ուշադիր կարդալ չվացուցակը:

Հայաստանին գազ մատակարարող հիմնական պետությունը Ռուսաստանն է: Հայկական ձեռնարկությունների մեծագույն մասը գտնվում է ռուսական ընկերությունների կառավարման տակ: Անշուշտ, այս ամենը լավ չէ, սակայն իրականություն է և պետք է իրականության հետ հաշվի նստել, այլ ոչ թե առաջնորդվել պատրանքային հույսերով:

Արտաքին քաղաքական առաջնահերթությունների հարցում Հայաստանը ստիպված է հաշվի առնել անվտանգության խնդիրը: Փաստացի, Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն: Հայաստանը ունի անվտանգության խնդիր կամ վախի ընկալում: Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայ սահմանապահների հետ կանգնած են ռուս սահմանապահները, Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմահանգրվանը: Անկասկած, լավ չէ, երբ քո սահմանների պաշտպանության հարցում ակնկալում ես երրորդ պետության օժանդակությունը, լավ չէ, երբ քո տարածքում ունես երրորդ պետության ռազմահանգրվան, սակայն սրանք ևս իրողություններ են: Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը վարում են հակահայ քաղաքականություն՝ փորձելով Հայաստանը ծնկի բերել տնտեսական շրջափակման և քաղաքական մեկուսացման ճանապարհով, պաշտոնական Երևանը ստիպված է լինելու ինքնակամ մնալ «ռուսական հովանոցի» տիրույթում:

Քանի դեռ Հայաստանը չի կարգավորել իր հարաբերությունները մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ, արտաքին քաղաքական առաջնահերթության և անվտանգության համակարգերի ընտրության հարցում ստիպված է լինելու հայացքը ուղղել դեպի Մոսկվա:

Photo: http://25.media.tumblr.com

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում