Հայաստանի ստարտափների առաջնությանը կմասնակցի 48 ընկերություն

StartUp Cup համաշխարհային մրցույթի ամերիկյան հիմնադիրները, «Ապոսթրոֆ» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Այբ» ավագ դպրոցը հուլիսի 13-ին հայտարարել են «Հայաստանի ստարտափների առաջնություն» (Armenia StartUp Cup) բիզնես-մոդելների մրցույթի մեկնարկը, հաղորդում են «Ի-Դի-Էմ-Սի»-ի մամուլի ծառայությունից:
Այս տարի բիզնես մոդելների մրցույթին դիմել են 48 հայաստանյան ստարտափ թիմեր և ընկերություններ, որոնք, մոտ 20 մենթորների հետ կմասնակցեն «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի (Build-A-Business weekend) 2013թ. հուլիսի 13-14-ը «Այբ» ավագ դպրոցում: StartUp Cup-ի հիմնադիրներ Շոն Գրիֆինը և Քրիստեն Բերգմանը կվարեն միջոցառումը, որի ավարտին կհայտարարվեն լավագույն 25 թիմերը, որոնք կմասնակցեն մրցույթի հաջորդ փուլին:
StartUp Cup-ը միջազգային բիզնես մոդելների մրցույթ է, որը տեղական զարգացման վաղ շրջանում գտնվող ձեռներեց թիմերին տրամադրում է համայնքահեն երկարաժամկետ աջակցություն: Ցանկացած բիզնես-գաղափար կարող է ներկայացվել մրցույթին, որը բիզնես հիմնելու և աշխատատեղեր ստեղծելու ապացուցված մոդել է:
«Հաճելի է տեսնել հայաստանյան մրցույթի աճող ազդեցությունը Հայաստանի ձեռներեցական էկո-համակարգի վրա: Ի դեպ այն առաջին StartUp Cup մրցույթներից էր, որը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներից դուրս 2012թ.: Այս տարի մրցույթին մասնակցում են ավելի շատ թիմեր, ինչպես նաև տեղական գործընկերներ, որն ապացուցում է Հայաստանում ձեռներեցության հանդեպ աճող հետաքրքրության մասին, որպես տնտեսական աճի և կենսակերպի բարելավման կարևոր գործոն»,- ասել է StartUp Cup-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը:
2013թ. հուլիս-նոյեմբերին մասնակից ձեռներեցները կստանան ուսուցում, խորհրդատվություն և ուղղորդում մոտ 20 փորձառու ձեռներեցների և բիզնես առաջնորդների կողմից: Մասնակիցները կմշակեն բիզնես մոդելներ, կձևավորեն իրենց թիմերը և կզարգացնեն տարբեր բիզնես ձիրքեր, այդ թվում` ինչպես դիմել ներդրողներին, կառավարել ֆինանսներն ու վաճառք իրականացնել: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում:
Այս տարի մրցույթի վայրը տրամադրում է «Այբ» ավագ դպրոցը:
StartUp Cup-ի հիմնադիրների այցը Հայաստան հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի շնորհիվ:
«Մեր ծրագրի աջակցության նպատակն է երիտասարդ ձեռներեցներին տրամադրել մրցույթային գործընթաց, որի ընթացքում նրանք կհղկեն ձեռներեցության իրենց ձիրքերը, ինչպես նաև Հայաստանում զարգացնալ մենթորինգի ինստիտուտը: Երկուսն էլ ստարտափների զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- հայտնել է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի Արժեքի շղթայի մրցունակության թիմի ղեկավար Ֆրեդ Լևիտանը:
Այս տարի մրցույթին աջակցում են ավելի շատ գործընկեր կազմակերպություններ, որոնք կապահովեն տեղական համայնքի աջակցությունը մասնակից ձեռներեցներին: Demobakery-ն վեբ/մոբայլ անվանակարգում մրցող մեկ թիմի կառաջարկի պրետոտիպի զարգացման և փորձարկման անվճար ծառայություն www.conceptcloud.cc համակարգի միջոցով: Մրցույթի հաղթողը կստանա անվճար իրավաբանական խորհրդատվություն LegalLab law boutique-ի կողմից:
Թեմա
Civilnet










