Աղվան Հովսեփյանը հրապարակայնորեն տեսակետ չի հայտնել նաև «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում, երբ 2009թ. Հայաստանը իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որով գրավոր ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:
Մոտ մեկ շաբաթ ուշացումով պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությանը: Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին Իրավաբանների համահայկական երկրորդ խորհրդաժողովի իր ելույթում ներկայացրել էր Հայոց պահանջատիրության շրջանակը. «Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
Թուրքերը Հայաստանի Գլխավոր դատախազի հայտարարությանը պատասխանել են արտգործնախարարության մամուլի խոսնակի շուրթերով՝ ընգծելով, որ Թուրքիայի տարածքների հանդեպ Հայաստանի հավակնությունները հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բացի այդ՝ «պետք է լավ իմանալ, որ ոչ ոք չի կարող տարածքային պահանջ ունենալ Թուրքիայից»:
Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ գործունեության նախորդ տասնամյակներում Աղվան Հովսեփյանը անդրադարձած լինի Հայոց ցեղասպանությանը, հետևաբար՝ նրա հայտարարությունը, մի կողմ թողնենք դրա բովանդակությունը, անակնկալ էր: Աղվան Հովսեփյանը հրապարակայնորեն տեսակետ չի հայտնել նաև «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում, երբ 2009թ. հոկտեմբերին Հայաստանը Ցյուրիխում իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որով առաջին անգամ Հայաստանը գրավոր կերպով ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու սահմանները, ինչպես նաև՝ իր համաձայնությունը տալիս 1915-ը համապարփակ կերպով ուսումնասիրելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին:
Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր հայ, Հայաստանի գլխավոր դատախազը ևս իրավունք ունի կարծիք ունենալ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ հատուցման թղթածրարի մասին: Սակայն հաշվի առնելով այն իրողությունը, որ Աղվան Հովսեփյանը հայ, ՀՀ քաղաքացի լինելուց բացի, գլխավոր դատախազ է, արդարացի կլիներ, որ նա իր կարծիքը հայտներ նաև Հայաստան-Թուրքիա ստորագրված, սակայն դեռ չվավերացված երկու փաստաթղթերի շուրջ: Խնդիրն այն է, որ քանի դեռ Հայաստանը չի հրաժարվում այդ երկու արձանագրություններից, որևէ այլ հայտարարություն կամ ցանկություն, որոնք վերաբերում են պահանջատիրությանը, չեն կարող ազնիվ և լուրջ ընկալվել:
Թուրքիային պետք է առիթ, որպեսզի միջազգայնորեն տպավորություն և հասարակական կարծիք ստեղծի, թե Հայաստանը ոչ միայն վարում է հակաթուրքական քաղաքականություն, այլև ներկայացնում ֆինանսական, գույքային և տարածքային պահանջներ:
Եթե իրավամբ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիային ներկայացնել տարածքային և ֆինանսական պահանջների թղթածրար, ապա դա պետք է անել անաղմուկ: Բայց մինչ այդ, կրկնենք, պետք է հրաժարվել ցյուրիխյան փաստաթղթերից:
Թաթուլ Հակոբյան











