Արաբական «Էյր Արաբիա» ավիաընկերությունը օգոստոսի 16-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երևան-Շարժա և հետադարձ ուղղությամբ: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էյր Արաբիա»-ի Կորպորատիվ հաղորդակցությունների և հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը:
«Չվերթները կիրականացվեն Շարժայի միջազգային օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 8:30-ին, ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան կլինի 11:15-ին: Հետադարձ չվերթները կկազմակերպվեն նույն օրերին` Երևանից մեկնումը ժամը 12:35-ին և ժամանումը Շարժա` 15:40-ին»,- ասաց Րայդանը` հավելելով, որ 2013թ. դեկտեմբերից հետո չվերթների թիվը կավելանա` մինչև շաբաթական 4-5 անգամ:
Րայդանի խոսքով` իրենք առաջարկում են ամենամատչելի փոխադրումները: Օգոստոսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Շարժա-Երևան չվերթները կարժենան $175, իսկ օգոստոսից մինչև հոկտեմբեր` $190:
«Ավիաթռիչքներն իրականացվում են նոր ինքնաթիռներով և միայն էկոնոմ կլասով»,- ասաց «Էյր Արաբիա»-ի ներկայացուցիչը` հավելելով, որ ավիաընկերությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անակնկալ է պատրաստել` 30% զեղչ լրագրողական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ավիաընկերությունը երկրորդ անգամ մուտք գործում Հայաստան («Էյր Արաբիան» Հայաստանից չվերթներ էր իրականացրել նաև 2006թ.)` Րայդանը պատասխանեց, որ դա իրենց բիզնես քաղաքականությունն է:
«Մենք կարծում ենք, որ սա ճիշտ ժամանակն է հայկական շուկա մտնելու համար: Այս մուտքը երկար կլինի»,- ասաց Րայդանը` հավելելով, որ համագործակցությունը Հայաստանի հետ վերսկսել են նաև այն պատճառով, որ ամբողջ հայությունը սփռված է աշխարհով մեկ, և շուրջ 5 հազ. հայ է ապրում Արաբական Միացյալ Էմիրություններում:
Րայդանի խոսքով` Երևանը Հայաստանում «Էյր Արաբիայի» առաջին նպատակակետն է և 86-րդը` ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության հետ մրցակցության վերաբերյալ հարցին` Րայդանը կարծիք հայտնեց, որ այդ մրցակցությունը դրական ազդեցություն կունենա իրենց աշխատանքի վրա:
«Էյր Արաբիա»-ի գլխավոր գրասենյակը Շարժայում է (ԱՄԷ): Ընկերությունը, ընդհանուր առմամբ, 85 երթուղի է սպասարկում:
Civilnet











