Հոդված գունավոր խալաթի մասին

Խալաթը թեմա է, կանացի գունավոր խալաթը կովկասցի տղամարդու հագին՝ ինտրիգ։ Իսկ ի՞նչ է ինտրիգը։ «Թաքնված տեսախցիկը» ինտրիգ է։ Քայլում ես քեզ համար, հանկարծ օրանգուտանի հագուստով մեկը թփերի միջից հարձակվում է վրադ։ Սիրտդ կարող է կանգնել, բայց ոչինչ, ժպտացեք, ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը։
Ինտրիգ է նաև արոտավայրում պայթող նռնակը, որը ռուսական ռազմաբազայի «ժառանգությունն» է հայ գյուղացու վիճելի տարածք համարվող հողամասում։ Զոհվում է երկու երեխա, բայց նրանց հայրը թող գոհ լինի, որ երեխաներին վիճելի տարածք թողնելու համար դեռ նրան «գունավոր խալաթ» չեն հագցրել։ Չկա ոչ մի փաստաթուղթ այն մասին, որ այդ տարածքը ռուսական զորամասինն է, բայց ռուսներն ասում են, որ իրենցն է։ Եվ վերջ։ Երեխաներն ի՞նչ գործ ունեն այդտեղ։ Իսկ չցանկապատված տարածքում նռնակն ինչ էր անում, հետաքրքիր չէ, ինտրիգ չկա այդտեղ։ Մի խոսքով, առանց ինտրիգի որևէ վերաբերմունք իմաստ չունի։ Այն, որ քո արարքից 18 մարդ է զոհվել, իրերի ընդհանուր վիճակի մեջ է, մարդիկ զոհվում են ամեն օր, սպանվում են, ատոմային ռումբ էլ կարող է պայթել ամառանոց գնալուդ ճանապարհին, բայց ինտրիգն այլ բան է։
Ինտրիգն սկսվում է ատոմային ռումբից հետո, հողամասում պայթած նռնակից հետո, 18 մահից հետո։ Ինտրիգն սկսվում է դատարանի դահլիճում։ Այսինքն, ոչ թե դատարանի դահլիճում, այլ կանացի խալաթով այնտեղ հայտնվելուց։ Ուրիշ ինչպե՞ս ռուսներն ասեն, որ հանցագործ են բռնել։ Չեն կարող։ Պետք է կանացի խալաթ հագցնեն։ Որպեսզի լրատվամիջոցները չբավարարվեն հիշեցնելով, թե քանի զոհ կա այդ մարդու խղճին։ Ինքնին մարդկանց զոհվելն ինտրիգ չէ։ Ինտրիգն ապրողներին «զվարճացնելու» համար է։ Եվ, ինչպես գլխի ընկաք, զուտ ռուսական երևույթ։ «Կանացի խալաթը տղամարդու հագին» ինտրիգ է, բայց պարզվում է, ինտրիգի ինտրիգն էլ կա։ Մինչ փորձում ես հասկանալ, թե ինչու են Հայաստանի քաղաքացուն դատարան բերել կանացի գունավոր խալաթով, ռուսներն անընդհատ հիշեցնում են, թե ինչպես է նա գռմռում դատարանում։ Այսպիսով, մարդը թեմա է, նրա գռմռոցը՝ ինտրիգ։ Որովհետև ո՞ւմ է հետաքրքիր, որ ամբաստանյալի աթոռին մարդ է նստած, որի պատճառով 18 հոգի է մահացել։ Պետք է ասել, որ ամբաստանյալի աթոռին նստածը գռմռում էր։
Ի վերջո ռուսների ինչի՞ն էր պետք այդ մարդուն նման վիճակի մեջ դնելը։ Սպանում է, երբ դրանով չբավարարվելով շարունակում են՝ այս հայը արհեստականորեն դուրս է բերվել կոմայից, որպեսզի ներկա լինի դատական նիստին։ Ռուսական հեռուստաալիքների բոլոր ռեպորտաժների մեջ անձամբ տեսնում եմ լրագրողի տարակուսանքն ամբաստանյալի կերպարի հանդեպ։ Կայքերն են, որ խոսում են ամբաստանյալի «գռմռոցից»։ Բայց մոռանանք, որ լրագրողները ցավակցական տողատակերով են խոսում։ Պետությունը վերաբերմունք է ցուցաբերել։ Այսպես ասենք, «հումոր» է մտցրել ողբերգության մեջ՝ ի՜նչ զվարճալի է կանացի խալաթով կովկասցին, որն ամբողջ ընթացքում գռմռում է։ Հեռուստախցիկի համար դա դետալ է։ Ճաղերն այլևս չեն բավարարում վրեժի ծարավ հասարակությանը, ամբաստանյալի անձնական ողբերգությունը (որդու մահը) բավարար չէ ռուս հասարակության համար, մարդը պետք է դատարան ներկայանա կանացի խալաթով։
Ըստ իս, սակայն, այս ամբողջում ամենատհաճն այն է, որ բեմականացվել է ցինիզմը։ Այսինքն, բոլորին պետք է տեսանելի լինի, որ մենք ոչ միայն կարող ենք պատասխանատվության ենթարկել հանցագործին, այլև կարող ենք ղժժալ նրա վրա։ Ռուսական արդարադատությունը բեմականացրել է հանցագործությունից մեկ այլ բան կորզելու իր մղումը։ Նա Հայաստանի քաղաքացուն սարքել է այդ մղումի հերոս։ Իսկ այն, որ դա արել է Մաքսային միությանը դիմադրելու մեր վերջին ջանքերին ընդառաջ, կարծես թե բնավ էլ այլ թեմա չէ։ Բայց այդտեղ էլ ինտրիգ կա։
Մհեր Արշակյան










