Գլխավոր Լրահոս

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը մեկնարկեց Նորավանքում

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը մեկնարկեց Նորավանքում
Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի, հույն և թուրք գործընկերները ազդարարել են անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ, ասված է Հայաստանում ծրագրի ֆինանսավորող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») տարածած հաղորդագրությունում: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: Ծրագիրը` ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածների մշակում iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև  «Ի-Դի-Էմ-Սի»-ի կողմից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները դիտել են Արենի և Շատին գյուղերից պարողների և երաժիշտների կատարումները, մասնակցել տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, շրջել Նորավանքի համալիրի տարածքում և այցելել մոտակա գինու գործարանը: «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը հայկական քաղաքակրթությունը՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մաս, խթանելու հավելյալ միջոց է: Այն հնարավորություն է տալիս հարևան երկրներին համագործակցել մշակութային ոլորտում, ինչը նպաստում է զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և դրական ազդեցություն է գործում ենթակառուցվածքների և ծառայությունների որակի վրա: Այս ծրագիրը կամրապնդի նաև Հայաստանի դիրքը՝ որպես զբոսավայր, ինչը շատ կարևոր նախապայման է Հայաստանում զբոսաշրջային զարգացման համար»,- ասել է ց Ճանապարհորդությունների հայկական բյուրոյի տնօրեն Հովհաննես Մարգարյանը: «Մետաքսի ճանապարհը պատմության ընթացքում շատ կարևոր առևտրային ուղի է եղել, և պատմական այս վայրերը նպաստել են տարբեր երկրների զարգացմանը: Այսօր մենք փորձում ենք վերականգնել Մետաքսի ճանապարհի միջանցքը՝ որպես զբոսուղի և թաքնված գանձ»,- ասել է Թուրքիայի Տնտեսագետների ասոցիացիայի նախագաhի տեղակալ Ֆիրատ Պոլատ: Ծրագրի հունաստանյան գործընկեր Պիրուս Մերկուրիսի խոսքով՝ բջջային հեռախոսների նոր տեխնոլոգիաները և հավելվածները զբոսաշրջիկներին հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ այցելության համար հետաքրքիր վայրերի և զբոսաշրջային ծառայությունների մասին: Առցանց այս համակարգը կներկայացվի զբոսաշրջային գործակալություններին և զբոսաշրջության ոլորտի մասնագետներին, հատկապես՝ նրանց, ովքեր հետաքրքրվում են GPS համակարգի և բջջային հեռախոսների հավելվածների միջոցով պատմական և բնական զբոսավայրերն իրար կապելու խնդիրներով: Նրանք կարող են այդ զբոսուղիներն օգտագործել զբոսաշրջային նոր փաթեթներ մշակելու և այդպիսով զբոսաշրջության տեղական գրավչությունները զբոսաշրջիկների համար առավել հասանելի դարձնելու համար: «Այս ծրագիրը Վրաստանը կապում է Հայաստանի, Թուրքիայի և Հունաստանի Մետաքսի ճանապարհի զբոսուղիների հետ, ինչը կարևոր է անդրսահմանային հաղորդակցությունն ու Մետաքսի ճանապարհի երկայնքով մեկ` տարբեր մշակույթներ կրող մարդկանց անմիջական շփումներն ու փոխըմբռնումը խթանելու համար»,- նկատել է Վրաստանի «Թաձրելի» հիմնադրամի տնօրեն Սիմոն Կոփաձե:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում