Գլխավոր Լրահոս

Երեկ «Սմերչ», այսօր` կանացի խալաթ

Երեկ «Սմերչ», այսօր` կանացի խալաթ

Ամեն տարի Ռուսաստանում գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարներին զոհ են գնում հազարավոր մարդիկ: Ամեն տարի հանցավոր անփութության պատճառով ռուսական ծերանոցներում բռնկվող հրդեհի ճարակ են դառնում տասնյակ ծերեր: Օդային աղետները, մարդասպանությունները, ահաբեկչությունները, ցավոք, վերջին տասնամյակներում խլել են հարյուրավոր մարդկային կյանքեր այդ երկրում:

Մենք` հայաստանցիներս, ինչպես ողջ աշխարհը, սրտի տրոփյունով էինք հետևում Նորդ Օստի ահաբեկչությանն ու Բեսլանի մանկասպանությանը, մեր մայրերը սգում էին Կուրսկ սուզանավի երիտասարդ աղետյալների համար: Մենք ի սրտե ցավում էինք ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ որովհետև դժբախտությունը չունի ազգություն ու սահման:

Ռուսական իշխանություններն ու նրանց կրնկի տակ գտնվող հեռուստաընկերությունները վերոնշյալ բոլոր աղետների, ողբերգությունների ու ահաբեկչությունների դեպքում մեղավորներին երբեք հրապարակայնորեն ծաղր ու ծանակի չենթարկեցին, անգամ` Բեսլանի մանկասպաններին: Ռուսական իշխանություններն ու նրանց կրնկի տակ գտնվող հեռուստաընկերությունները հուլիսի 15-ի ողջ օրվա ընթացքում հրապարակայնորեն ստորացնում էին տարաբախտ Հրաչյա Հարությունյանին, որի անսարք բեռնատարը Մերձմոսկվայում մխրճվել էր ավտոբուսի մեջ` խլելով 18 մարդու կյանք:

Կանացի խալաթը, որով ցուցադրվում էր Հայաստանի քաղաքացին, Ռուսաստանի իշխանությունները, ըստ էության, հագցրել էին ռազմավարական գործընկերոջը` Հայաստանին:

Այսքանով ավարտենք քննադատական խոսքերը Ռուսաստանի իշխանությունների և ռուսական հեռուստաընկերությունների հասցեին և գանք Հայաստան, որին ժամանակին Ռուսաստանի խորհրդարանի նախագահը, իր կարծիքով` հաճոյախոսություն անելու ազնիվ մղումով, անվանել էր «ֆորպոստ»:

Այն ժամանակ Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ իր զայրույթն ու ցասումը չարտահայտեց` կանաչ լույս վառելով «կանացի խալաթի» ճանապարհին:

Ռուսները հայերին լավ են ճանաչում նաև հոգեբանորեն: Օտարը` լինի ռազմավարական դաշնակից կամ թշնամի, երբ գիտի, որ տվյալ երկրում հաստատվել է ժողովրդի վստահությունը և հարգանքը չվայելող իշխանություն, երբ համոզված է, որ տվյալ երկրի ժողովրդի մեծ մասը «մեջք ծռող է», ապա նրա հետ վարվում է այնպես, ինչպես թույլ է տալիս իր խիղճը և ճաշակը:

Հայաստանի գործող իշխանությունները` գործադիր, օրենսդիր և դատական, պարտավոր են հրապարակավ հակազդել ռուսական կողմին: Անգամ այն իրողությունը, որ Հայաստանի ղեկավարությունը իշխանության է հասել վիճելի ընտրությունների ու բռնությունների ճանապարհով, նրանց չի ազատում ռուսական կողմին համապատասխան պատասխան տալու անհրաժեշտությունից:

Ռուսաստանում գործող տասնյակ հայկական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հայ-ռուսական հավերժ բարեկամության մասին քարոզներով, առնվազն չպետք է լռեն, քանի որ «կանացի խալաթը» նաև նրանց համար էր:

Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ևս չպետք է լռի, քանի որ հրապարակավ ստորացվում և ծաղր ու ծանակի էր ենթարկվում ոչ միայն ազատամարտիկը, 21-ամյա որդուն կորցրած հայրը, այլև ողջ Հայաստանը:

Չպետք է լռեն նաև ռուսասեր և մինչև օրս ռուսախոս հայ մտավորականությունը, ռուսասեր կուսակցական գործիչները: Դուք էլ ապահովագրված չեք գունավոր խալաթներից, անգամ եթե ռուսերեն լավ գիտեք:

Ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված գունավոր կանացի խալաթն ավելի վտանգավոր ու վիրավորական էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագայի համար, քան Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված «Սմերչը»:


 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում