Գլխավոր Լրահոս

Տեղափոխվել Մարս կամ Մերգելյան

Տեղափոխվել Մարս կամ Մերգելյան

Հինգ տարվա քննարկումներից հետո օգոստոսի 1-ին Հայաստանում կարող է գործարկվել երկու ազատ տնտեսական գոտի՝ արտադրա-արդյունաբերական և տեխնիկա-կիրառական։ Հաշվարկվել է, որ «ՌԱՕ Մարսի» և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ավելի հայտնի որպես «Մերգելյան ինստիտուտ») տարածքներում կազմակերպվող ազատ տնտեսական այս գոտիներում ընկերությունների շահույթը գործունեության առաջին իսկ տարում 25%-ով կարող է ավելի լինել, քան դրանցից դուրս։

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հուլիսի 18-ին նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ՝ «ՌԱՕ Մարս» և ԵրՄՄԳՀԻ (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ընկերությունների տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու և ստեղծված ազատ տնտեսական գոտու մեկնարկը թույլատրելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմին հաշվետվություններ ներկայացնելու ձևերը հաստատելու մասին»։

Նման վերնագրով որոշման նախագծի ներառումը կառավարության նիստի օրակարգում ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա փետրվարի 2-ին գործադիրն արդեն իսկ թույլատրել էր «ՌԱՕ Մարսի» և ԵրՄՄԳՀԻ տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, հաստատվել էին անգամ կազմակերպչի կողմից լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու ձևերը։

Համաձայն էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագծի՝ «ՌԱՕ Մարսի» տարածքը ծառայելու է արտադրա-արդյունաբերական և տեխնիկա-կիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ինֆորմացիայի փոխանցման տեխնոլոգիական սարքավորումների համար։ ԵրՄՄԳՀԻ-ի տարածքն էլ նախատեսվում է օգտագործել տեխնիկա-կիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտներն սպասարկող գիտական հետազոտությունների և մշակումների, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համար։

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետ է սահմանվելու տասը տարին, գործունեությունը նախատեսվում է թույլատրել այս տարվա օգոստոսի 1-ից։ Մեկնարկը նախանշված ժամկետներում ապահովելու համար գործադիրի հավանությունը ստանալուց հետո էկոնոմիկայի նախարարությունը պայմանագիր կնքի «Սիտրոնիկս Արմենիա» ընկերության հետ։

Թեև կառավարությունը գտնում է, որ «շատ կարևոր է թույլ չտալ բարձր տեխնոլոգիաների, արտադրությունում գիտության և տեխնիկայի ձեռքբերումների ներդրման, ինովացիոն զարգացման, ինտելեկտուալ ներուժի բարձրացման ոլորտում Հայաստանի կրիտիկական չափով հետ ընկնելը, ինչպես նաև կարևոր է պահպանել գոյություն ունեցող որակյալ ռեսուրսները, կրճատել «ուղեղների արտահոսքը»՝ նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ», ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացը գործնական փուլ է մտնում առաջին հայտարարություններից հինգ տարի անց։

Այսպես՝ Ռուսաստանի կառավարությունը «գույք պարտքի դիմաց» սխեմայով ստացած հայկական ակտիվները, մասնավորապես «ՌԱՕ Մարսը» և ԵրՄՄԳՀԻ-ն 2008թ. հավատարմագրային կառավարման հանձնեց «ԱՖԿ Սիստեմայի» դուստր «Սիտրոնիկս» ընկերությանը։ Դրանից հետո անընդհատ խոսվում էր այս տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին։

Ազատ տնտեսական գոտու իրավական դաշտը կարգավորող օրենքը Ազգային ժողովն ընդունեց 2011թ. հունիսին։ «ՌԱՕ Մարսի» և ԵրՄՄԳՀԻ-ի տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու «Սիտրոնիկս Արմենիայի» ծրագրին կառավարությունը հավանություն տվեց 2012թ. փետրվարին։

Այս ծրագրի շրջանակում «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը մինչև 2014թ. վերջ նախատեսում է կատարել $10 մլն-ի ներդրումներ, որից $1,7 մլն-ն արդեն իրականացրել է։ Ներդրումային միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների ստեղծմանն ու բարելավմանը, տնտեսական գոտիների միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, պրոֆիլային շահագործողների ներգրավմանը։

Համաձայն մասնագիտական հաշվարկների, եթե կազմակերպվող արտադրություններում օգտագործվի բացառապես տեղական հումք, պայմանական արտադրողի շահույթի տարբերությունը ազատ տնտեսական գոտու շրջանակում և դրանից դուրս գործունեության առաջին տարում կարող է կազմել 25%՝ վեցերորդ տարում հասնելով 53%-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում