Գլխավոր Լրահոս

Բջջային բաժանորդների 2/3-ը կարևորում է իր համարի պահպանումը. Ֆրանսիս Ժելիբտեր

Բջջային բաժանորդների 2/3-ը կարևորում է իր համարի պահպանումը. Ֆրանսիս Ժելիբտեր

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 17-ին հաստատեց «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները», որոնք նկարագրում են MNP-ի կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները: ՀԾԿՀ նիստից հետո բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության (MNP) ծառայության ներդրման շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ։

— Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2012թ. դեկտեմբերի 14-ի որոշման ժամանակացույցով հայաստանյան երեք օպերատորները մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը պետք է ստեղծեին ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրամ, որը և պետք է կազմակերպեր MNP համակարգի ներդրումը։ Ինչո՞ւ օպերատորները մինչև այժմ չեն ստեղծել այս ադմինիստրատորին։

— Իսկապես, ժամանակացույցը խախտվել է, բայց դա կապված էր Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը (խոսքը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի մասին է–Ա.Չ.) հետաձգելու հետ։ Այս ընթացքում, այդուհանդերձ, աշխատանքներ կատարվել են ադմինիստրատորի գրանցման ուղղությամբ, այն նախատեսվում է ավարտել մինչև այս շաբաթվա վերջ։

— Ունե՞ք արդյոք գնահատականներ, թե որքան կկազմեն «Օրանժ Արմենիայի» ներդրումները այս ծառայության ներդրման համար։

— Նախ՝ մեզ համար կարևոր է, որ այս ծառայության ներդրումը բաժանորդներին լրացուցիչ ազատություն տա, և նրանք կարողանան ազատ ընտրել այն օպերատորին, որի ծառայություններից ցանկանում են օգտվել՝ պահպանելով հեռախոսահամարը։

Նախնական գնահատականներով MNP-ի ներդրման համար «Օրանժ Արմենիայի» ծախսերը կկազմեն հասույթի մոտ 2%-ը։ Անցած տարի ընկերության հասույթը եղել է մոտ ֌21 մլրդ, և դժվար չէ հաշվել, թե ինչ գումարի մասին է խոսքը (֌420 մլն կամ ավելի քան $1 մլն-Ա.Չ.)։

Նշեմ, որ MNP-ի ներդրումով պայմանավորված՝ մեր սակագները չեն փոխվելու, և այդ տեսակետից բաժանորդների համար այս ծառայությունը ռիսկեր չի պարունակում։

— Ի՞նչ եք կարծում, ծառայությունը Հայաստանում կապահովի՞ ներդրումների վերադարձելիություն՝ հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը։

— Այդ փորձը տարբեր է։ Օրինակ՝ Թուրքիայում այս ծառայությունից օգտվել է օպերատորների բաժանորդային բազայի 20%-ը, մյուս երկրներում այն այդքան էլ պահանջարկված չի եղել։ Շատ ավելի կարևոր է, որ MNP-ն լրացուցիչ ազատություն է տալիս բաժանորդին, և բաժանորդն ինքն է որոշում՝ օգտվել դրանից, թե ոչ։

— Ծառայությունը բաժանորդի համար անվճար է լինելու, բոլոր ծախսերը հոգալու է օպերատորը։ Ճիշտ չէր լինի արդյո՞ք ընտրել վճարովի տարբերակը. ի վերջո, համակարգից օգտվողի ծախսերը հոգալու են մյուս բաժանորդները։

— Միգուցե մեր բաժնետերերի համար սա այնքան էլ լավ չէ, քանի որ ներդրումները կարող են չվերադառնալ կամ էլ հետագայում վերադառնալ, բայց մյուս կողմից՝ նրանք մտածում են բաժանորդի և նրա շահերի մասին։

— Արդյո՞ք MNP ծառայությունը պահանջարկված է հայաստանյան բաժանորդի կողմից։

— Այս ծառայությունը այն բաժանորդների համար է, որոնք կարևորում են համարի պահպանումը։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ շարժական կապի ծառայություններից օգտվողների 2/3-ը կարծում է, որ հեռախոսահամարի պահպանումը կարևոր է կամ շատ կարևոր։

— Այսինքն՝ 2014թ. հունվարի 1-ին ծառայության գործարկումից հետո բաժանորդային բազայի 2/3-ը կօգտվի՞ այդ ծառայությունից։

— Իհարկե ոչ։ Առաջին հերթին՝ բաժանորդը պետք է կարևորի իր հեռախոսահամարը։ Նման բաժանորդները կտարանջատվեն երկու մասին՝ ովքեր գոհ են իրենց օպերատորների ծառայությունից, և ովքեր այդքան էլ գոհ չեն։ Հետևաբար՝ այն բաժանորդը, որի համար կարևոր է համարի պահպանումը, որը, սակայն, դժգոհ է իր օպերատորի ծառայությունից, կփորձի օգտվել MNP-ի ծառայությունից։

— Այսօր Հայաստանում դեռ կան բնակավայրեր, որտեղ հասանելի են մեկ կամ երկու օպերատորի ծառայությունները։ Արդյո՞ք ճիշտ չէր լինի ապահովել բնակավայրերի 100% ծածկույթ և հետո միայն ներդնել այս ծառայությունը և խուսափել բաժանորդների նկատմամբ խտրական վերաբերմունքից։

— Տարօրինակ տրամաբանություն է. այդ դեպքում կստացվեր, որ մենք բնակչության 96%-ին կզրկեինք համարների տեղափոխելիության ծառայությունից օգտվելու հնարավորությունից այն 4%-ի պատճառով, որոնց համար ներկա պահին միաժամանակ հասանելի չեն երեք օպերատորների ծառայությունները։

ՀԾԿՀ-ի կողմից նախանշված և ծածկույթից դուրս մնացած վեց գյուղերից երեքը՝ Լոռիում և Սյունիքում, մենք արդեն ապահովել ենք ծածկույթով։ Երկու այս գործընթացները զուգահեռ են ընթանալու, և մենք կկարողանանք բնակչության այդ փոքր մասին նույնպես մատուցել մեր ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում