Գլխավոր Լրահոս

Պուտինի երևանյան չայցը

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 12-13-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Ըստ ադրբեջանական SalamNews կայքի՝ այցի ընթացքում կսահմանվեն երկկողմ համագործակցության հետագա գծերը, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Տևական ժամանակ է, ինչ խոսվում էր այն մասին, որ Պուտինը ամենաուշը Հայաստանի 2013թ. նախագահական ընտրություններից հետո այցելելու է Հայաստան: Սակայն ՀՀ իշխանությունների համար այդքան բաղձալի այցը այդպես էլ չկայացավ: Հայաստանում Վլադիմիր Պուտինին սպասումների ֆոնին նախ ռուսական կողմը բարձրացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը, մեծ քանակությամբ հարձակողական սպառազինություն է վաճառում իր դաշնակիցը համարվող Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում գտնվող Ադրբեջանին, Մոսկվայում միտումնավոր, քաղաքական ենթատեքստ պարունակող նվաստացման ակցիա է կազմակերպում ՀՀ քաղաքացու նկատմամբ, և այս ամենից անմիջապես հետո հայտարարվում է, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով պատրաստվում է մեկնել Բաքու:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց իսկ քաղաքականության արդյունքում իրենց զրկել են Մոսկվային որևէ հակազդեցություն ցույց տալու հնարավորությունից: ՀՀ իշխանությունները կամ մերձիշխանական վերլուծաբանները ստանձնել են Ռուսաստանի գործողությունների յուրատեսակ փաստաբանի դեր: Ռուսաստանը Ադրբեջանին «Սմերչ» է տալիս, պաշտոնական Երևանը դժգոհության կամ բողոքի որևէ նշույլ ցույց չի տալիս, ավելին՝ պալատական վերլուծաբանները փորձում են համոզել, որ «Սմերչը» այդքան էլ վտանգավոր զենք չէ: Թերևս Հայաստանի իշխանությունների այս պահվածքն է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին անգամ Հայաստանի տարածքում թույլ է տալիս ռուս-ադրբեջանական գործարքը անվանել «ընդամենը բիզնես»:

Հայաստանի շահերին հարվածող գործողությունների այս շղթան պատահական չէ: Հայաստանում դեռ իներցիայով օգտագործում են «ռազմավարական դաշնակից» եզրը, սակայն տարածաշրջանում իրավիճակ է փոխվել՝ Ռուսաստանն Ադրբեջանին սկսել է նայել որպես ավելի կարևոր ռազմավարական գործընկերոջ՝ հաճախ նաև կոպտորեն արհամարհելով Հայաստանի շահերը: Պուտինի այցը Բաքու նշանակում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը խախտում է պարիտետը՝ հօգուտ Ադրբեջանի:

Կրեմլի ներկայիս պահվածքը միանշանակորեն չի տեղավորվում «ռազմավարական հարաբերություններ» եզրի մեջ, սակայն ավելի հզոր դաշնակցի կողմից հարգանքի արժանանալու համար նախևառաջ ինքդ քեզ պետք է հարգես:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում