Զուգահեռ իրականություններ

Ի՞նչ կապ ունի անպատժելիությունը, եթե խոսքը զուգահեռ՝ իշխանության և ժողովրդի, իրականությունների մասին է։
Մի քանի օր առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ըստ լրատվամիջոցների, դատարանում մարդ էր ծեծել, որի պատճառով ծեծվածը հիվանդանոց էր ընկել։ Ոստիկանությունը պարզաբանել է՝ քրեական գործ հարուցված չէ։ Իսկ պետք է հարուցվե՞ր։ Այդ ո՞վ է ոստիկանությանը խնդրել պարզաբանել բռնության փաստով քրեական գործ հարուցելու իսկությունը։ Դա ի՞նչ միամտություն է։ Ինչո՞ւ պետք է հարուցեր։ Հետո՞ ինչ՝ մարդը հայտնվել է հիվանդանոցում։ Դուք ինչի՞ տեղ եք դրել Հայաստանը։ Ձեզ պարզ չէ՞, որ կանացի մի խալաթով կարելի է այս երկրի արժանապատվության հետ բոլոր հաշիվները փակել։ Ինչո՞ւ հատկապես Ռուսաստանի արածով դա պետք է գլխի ընկնենք։ Աստվածավախ մարդը մարդ է ծեծել։ Մարդ չի, է, նախկին ոստիկանապետ է (բերանով ես ասում)։ Եվ ի՞նչ։ Աստծուց արձագանքներ կա՞ն։ Ոչ։ Ինչո՞ւ պետք է ոստիկանությունից լինեն այդ արձագանքները։ Այլ հարց է, որ հակառակը տեղի ունենար։
Արդեն հայտնի է, որ ծեծվածը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել ոստիկանությանն իր հանդեպ բռնություն կիրառելու փաստով։ Նախկին ոստիկանապետ, հասկանո՞ւմ եք։ Մարդը հրաժարվում է գրիչ վերցնել ու դիմում ներկայացնել իրավապահ մարմիններին և դրանով մի քանի հատոր գրելու փոխարեն պատմում է «Հայաստանի Հանրապետություն» կոչվող բարդակի մասին։ Հիմա բնավ կարևոր չէ և երբեք կարևոր չի լինելու, թե ինչու է Վարդան Ղուկասյանը ծեծել այդ մարդուն։ Մարդը միացրել է հեռուստացույցը, տեսել է, թե ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողքին նստած Սերժ Սարգսյանն ինչքան է ոգևորված հարկայինների լավ աշխատանքով ու հասկացել՝ դիմումն իմաստ չունի։ Մարդը ոստիկանապետ է աշխատել։
Երկու օր առաջ Երևանի քաղաքապետարանի վարչության պետը Երևանի Հանրապետության հրապարակում ծեծել է փուչիկ վաճառող տղայի։ Կրկին քրեական գործ չի հարուցվել։ Սահմանադրությունը կա, քրեական օրենսգիրքը կա, համապատասխան հոդվածները կան, ոստիկանությունը կա, դատախազությունը կա, բռնությունը կա, քրեական գործը չկա։ Հարց է ծագում՝ էս արտոնյալները ինչո՞ւ չեն ծեծում այնպիսի մեկին, որ թվարկված ամբողջ ինստիտուտն աշխատի։ Խնդիրն էլ հենց դա է՝ նրանք կարող են ծեծել ցանկացածի։ Ի տարբերություն սահմանադրական ինստիտուտների, նրանք դերասանություն անելու ժամանակ չունեն։ Բռնության առջև ոստիկանությունը թատրոն է, դատախազությունը թատրոն է, ՍԴ-ն թատրոն է, վիճակագրության ազգային ծառայությունը թատրոն է։ Ոստիկանությունը ոստիկանություն է դառնում, երբ տեղի է ունենում հակառակը, ասենք, թերթը «զրպարտում» է հանրապետական պատգամավորին։ Կամ թալանում են, ասենք, ՊԵԿ-ի նախագահին։ Պետական ամբողջ համակարգը կաշխատի հանցագործության բացահայտման ուղղությամբ։
Սերժ Սարգսյանը բռնություններից հարաբերական դադարների ժամանակ սովորաբար հավաքում է ամբողջ իրավապահ համակարգն ու ասում՝ անպատժելիներ չպետք է լինեն։ Է, հետո՞։ Անպատժելիներն այսպես թե այնպես կան, ավելի ճիշտ չի լինի՞ շարքայինների անվտանգության համար ներկայացնեք անպատժելիների ցուցակը, որպեսզի մարդիկ իմանան, թե ում մեղադրեն բռնություն գործադրելու մեջ և ում հանգիստ թողնեն։ Հարկ կլինի նաև, որպեսզի վերաձևակերպեք բռնությունը, քաղաքացուն, մարդուն, ի վերջո։ Եվ՝ պետությունը։ Կարողացել եք, չէ՞, վերաձևակերպել ընտրությունները։ «Մեր մենթալիտետն ուրիշ է»,- հերթական կասկածելի ընտրություններից հետո 2003թ. եվրոպացի դիտորդների երեսին ԳԱԱ-ում շպպացրել էր անձամբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ կապ ունի անպատժելիությունը, եթե խոսքը զուգահեռ՝ իշխանության և ժողովրդի, իրականությունների մասին է։ Անպատժելիությունը կարող է դատապարտվել պետական միակ իրականությունում։ Եթե պետության մեջ կան զուգահեռ իրականություններ, պարզապես աշխատում է «քիթն ուրիշի գործերի մեջ խոթելու» ինստիտուտը՝ ձեզ մեր հանդեպ կարելի է ամեն ինչ, ձեր հանդեպ մեզ ոչինչ չի կարելի։ Ահա՝ ինչու ժողովուրդը միտինգներ չի անում, մինչդեռ դուք նախաձեռնել եք դրանք ցրելու զորավարժություններ։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Թեմա
Մհեր Արշակյան










