Գլխավոր Լրահոս

Արդեն ժողովրդի օգտին

Արդեն ժողովրդի օգտին

Երևանում հասարակական տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից կբարձրանա 50%-ով՝ կազմելով Դ150: Քաղաքապետարանում, սակայն, չեն երաշխավորում ուղևորափոխադրումների որակի բարձրացում։

Հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումից հետո տնտեսավարող սուբյեկտները իրենց դիմումներում առաջարկել են ուղևորափոխադրումների սակագինը բարձրացել Դ140-200 սահմաններում։ Տրանսպորտի մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով այդ դիմումները, եզրակացրել է, որ եթե «տնտեսավարողները նորմալ կազմակերպեն իրենց աշխատանքը, ապա տրանսպորտի սակագինը հնարավոր է սահմանել Դ150-ի չափով»։ Բացի ավտոբուսների և միկրոավտոբուսների սակագների բարձրացումից՝ 50%-ով կվերանայվի նաև տրոլեյբուսների ուղեվարձը (կկազմի Դ100), Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձը կմնա անփոփոխ՝ Դ100։

Նավասարդյանի խոսքով՝ սակագնի բարձրացման հիմնական պատճառը վերջին տասը տարիների ընթացքում տրանսպորտային միջոցների, վառելանյութի և պահեստամասերի թանկացումն է: Ըստ Նավասարդյանի՝ տնտեսավարողների հայտերը քաղաքապետարանը ստացել է 2013թ. հուլիսի 4-ից, և վերոնշյալ երեք պատճառներին գումարվել է ամառային շրջանում ուղևորների թվի նվազումը, ինչպես նաև գազի գնի բարձրացումը։

«Սակագնի բարձրացումն անհրաժեշտություն էր վաղվա օրվա համար, որպեսզի տրանսպորտային սուբյեկտների կողմից սպասարկումը լինի առավել բարձրորակ»,– ասաց Ալբերտ Գևորգյանը՝ հավելելով, որ «ապագան ավտոբուսինն է, և ամեն ինչ արվելու է միկրոավտոբուսներից ազատվելու համար, ինչի համար էլ հրամայական է դառնում սակագնի բարձրացումը»։

Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ սակագնի բարձրացմանը զուգահեռ՝ ավելի մեծ ուշադրություն կդարձվի մեքենաների տեխնիկական վիճակին, ժամանակացույցներին, ինչպես նաև տրանսպորտային նոր միջոցների ձեռքբերման խնդրին։ Բացի այդ՝ ամեն ինչ արվելու է տրանսպորտի գերբեռնվածությունը թեթևացնելու համար։ «Մինչև տարեվերջ ևս 100 ավտոբուս կավելանա քաղաքային տրանսպորտի պարկում»,– ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ակնկալվող բարեփոխումները պետք չէ սպասել «հենց հաջորդ օրը, քանի որ խնդիրները շատ են»։

Արդեն իսկ պարզ է, որ ուղևորափոխադրումների որակի կտրուկ բարելավում ակնկալել պետք չէ՝ չնայած սակագնի բարձրացմանը։ Միկրոավտոբուսներ սպասարկող կազմակերպությունները շարունակելու են խախտել տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները և ուղևորներին տեղափոխել կանգնած վիճակում։

Բյուջեն թանկացումից չի շահի

Իհարկե, վերջին տասը տարիներին Երևանում վերգետնյա հասարակական տրանսպորտի սակագների վերանայում տեղի չի ունեցել, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ եկամուտներ են ապահովում երթուղիները սպասարկող կազմակերպություններին։

Թեև սակագների վերանայման պատճառների թվում նշվել է վերջնական սպառողների համար գազի թանկացումը, վառելիքի ծախսը իրականացնում է վարորդը և ոչ թե երթուղին սպասարկող կազմակերպությունը։ Հասկանալի է, որ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) գազի գնի 20%-ով բարձրացումը չէր կարող հանգեցնել հասարակական տրանսպորտի սակագնի 50%-ով բարձրացման։

Շարժակազմի արդիականացման ծախսերի ավելացման հիմնավորումները նույնպես թույլ են. թեև վերջին երկու տարիներին քաղաքապետարանն իրականացրել է երթուղիների նոր մրցույթներ, մասնակցած ընկերությունների ավտոպարկը ամբողջովին չի թարմացվել։

Ուղևորափոխադրումների սակագնի 50%-ով բարձրացումից շահելու են միան «գծատերերը»։ «Հաստատագրված վճարների մասին» օրենքով սահմանվում է, որ ավտոտրանսպորտային փոխադրումների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի երկու հազարապատիկի չափով։ Միկրոավտոբուսների և ավտոբուսների համար ելակետային տվյալ է համարվում նստատեղը. Երևանում ավտոբուսների համար ուղղիչ գործակիցը 1 է, մինչև 17-ը նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար՝ 1,3։

Պարզ հաշվարկներից իսկ ստացվում է, որ Երևանում սպասարկվող մեկ ավտոբուսի համար (22 նստատեղ) «գծատերը» պետբյուջե է վճարում ամսական Դ44 հազ. կամ օրական կտրվածքով Դ1,5 հազ., միկրոավտոբուսի համար՝ Դ34 հազ. կամ օրական կտրվածքով՝ Դ1,2 հազ.։

Բացի այդ՝  տնտեսա-վարողները վճարում են ամսական կտրվածքով Դ16,5 հազ. երթուղու սպասարկման վճար: Եթե հաշվի առնենք, որ միկրոավտոբուսային երթուղիներում վարորդները (կախված երթուղուց) կատարում են օրական Դ10-15 հազ. մուծում (այսպես կոչված՝ «պլանը»), ապա պարզ երևում է, որ գծատիրոջ հարկային բեռը շուրջ 10% է։ Հասկանալի է, որ ուղեվարձի բարձրացումից հետո գծատերերը վարորդների համար բարձրացնելու են նաև «պլանը», իսկ պետբյուջե վճարվող գումարների չափը մնալու է անփոփոխ։

Երևանում 63 մասնավոր կազմակերպությունների կողմից պայմանագրային հիմունքով սպասարկվում է 112 միկրոավտոբուսային երթուղի, որում շահագործվում է տարբեր մակնիշի մոտ 2,7 հազ. մեքենա։ Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս գալիս 370-380 միավոր շարժակազմ։

Ի դեպ՝ քաղաքապետարանը ներկայացրել է սակագնի կառուցվածքը, ըստ որի՝ նույնիսկ սակագնի 50%-ով բարձրացման պարագայում երթուղի սպասարկող կազմակերպությունների շահութաբերությունը ընդամենը 5% է:

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում