Գլխավոր Լրահոս

€5,4 մլն սուվերեն վարկ ՎԶԵԲ-ից` Երևանում ջրամատակարարման բարելավմանը

€5,4 մլն սուվերեն վարկ ՎԶԵԲ-ից` Երևանում ջրամատակարարման բարելավմանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի €5,4 մլն սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի ջրամատակարարումը բարելավելու նպատակով:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը», - ասել է վարչապետը` բարձր գնահատելով համագործակցության արդյունավետ ռազմավարությունը, որն ուղղված է ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը և մասնավոր հատվածի զարգացմանը:

Նշելով, որ սա իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է Հայաստան, ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության հաջող ընթացքից և անդրադարձել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ՓՄՁ զարգացման, գործարար միջավայրի բարելավման և մի շարք այլ ծրագրերին:

Սումա Չակրաբարտիի խնդրանքով վարչապետն անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակին, ներկայացրել տնտեսության զարգացման հեռանկարները և մարտահրավերները: Որպես ճգնաժամից քաղած դասեր կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և բարեփոխումներին նոր թափ հաղորդելը: Տիգրան Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

ՎԶԵԲ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունն այդ գործընթացներում: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարները ևս:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի կողմից, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ի դեմս բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, մյուս կողմից, ստորագրել են վարկային համաձայնագիր` Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքը բարելավելու վերաբերյալ: Ստորագրվել է նաև Ծրագրի համաձայնագիր` Երևանի քաղաքապետարանի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետարանի անունից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության անունից` ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի անունից` բանկի նախագահ Սումա Չակրաբարտին: 

Ըստ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է €5,4 միլիոն սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1,1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում