Եթե անգամ Սերժ Սարգսյանը Վարդենիկում թվեր է «խփել», ապա դրա մեղավորը նույնպես վարդենիկցիներն են: Օրինակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որը հենց սահմանին է, իսկ կյանքի պայմանները ավելի լավ չեն, Սերժ Սարգսյանին չի հաջողվել թվեր «խփել»:
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հեռուստառեպորտաժ է պատրաստել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մասին, որը բոլորի աչքի առաջ ծերանում ու մաշվում է: Մարդիկ լքում են տներն ու բախտ որոնում ռուսական տափաստաններում: Ավելի քան 10 հազար բնակչություն ունեցող գյուղից բնակիչների մի ստվար հատված հեռացել է, մնացողների մի մասն էլ պատրաստվում է արտագաղթել առաջին հնարավորության դեպքում:
Հայաստանում Վարդենիկի նման բազմաթիվ գյուղեր կան: Ավելին, կան տասնյակ այլ գյուղեր, որտեղ մարդկանց վիճակն ավելի վատ է, քանի որ, ի տարբերություն Վարդենիկի, որտեղ կարելի է կարտոֆիլի լավ բերք ստանալ, շատ այլ գյուղերում հողը բերրի չէ:
Պաշտոնական տվյալներով՝ նախագահական վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանի օգտին Վարդենիկում տվել են ավելի քան 85 տոկոս ձայն: Եթե անգամ Սերժ Սարգսյանը Վարդենիկում թվեր է «խփել», ապա դրա մեղավորը նույնպես վարդենիկցիներն են: Օրինակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որը հենց սահմանին է, իսկ կյանքի պայմանները ավելի լավ չեն, Սերժ Սարգսյանին չի հաջողվել թվեր «խփել» և նա Րաֆֆի Հովհաննիսյանից մոտ կրկնակի պակաս քվեներ է ստացել:
Նախագահական վերջին ընտրություններից հետո Րաֆֆին շրջայց կատարեց Հայաստանի մարզերով, երկու անգամ եղավ Գեղարքունիքում, անցավ Վարդենիկի կողքով, սակայն չմտավ Հայաստանի այս՝ ամենամեծ գյուղերից մեկը: Նա Վարդենիս քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում դառնացած ասաց, որ Սերժը անգամ թվեր է «խփել» Վարդենիկում, որտեղ ընտրական տեղամասը տեղադրված է եղել 1993-ից ի վեր Ռիչարդ Հովհաննիսյանի անունը կրող դպրոցում:
Ռիչարդ Հովհաննիսյանը Րաֆֆիի հայրն է:
Վարդենիկում ընտրություններին մասնակցել է շուրջ 4500 մարդ, որոնցից 4 056-ը «ընտրել է» Սերժ Սարգսյանին, 436-ը` Րաֆֆի Հովհաննիսյանին: Պարույր Հայրիկյանը ստացել էր 6, էպոսագետ Վարդան Սեդրակյանը` 2, Հրանտ Բագրատյանը՝ 25, Անդրիաս Ղուկասյանը` 5, իսկ Արման Մելիքյանը` 2 ձայն:
Ներկայացնենք նաև 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որպեսզի հասկանալի լինի, թե իշխանական կուսակցությունները ինչպիսի հեղինակություն ունեն Սևանի ափին գտնվող այս գյուղում: Իշխող ՀՀԿ-ն Վարդենիկում ստացել էր 1 416, ՕԵԿ-ը` 1 056, ԲՀԿ-ն` 575, ՀՅԴ-ն` 216, ՀԱԿ-ը` 68, իսկ Ժառանգությունը` ընդամենը 16 ձայն:
Թաթուլ Հակոբյան











