Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, հանրապետության ղեկավարի խոսքով` երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր և ֆինանսական հատվածներում, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման առումով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, Հայաստանի առաջնահերթություններին, տնտեսության զարգացման ներուժին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին:
ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, խոսելով Հայաստանի հետ բանկի երկարամյա արդյունավետ համագործակցության և դրա արդյունքում Հայաստանում իրականացված խոշորածավալ ներդրումների մասին, գոհունակությամբ է փաստել ՀՀ կառավարության հետ այսօր բանկի ստորագրած վարկային համաձայնագիրը, որը, ըստ նրա, փոխգործակցության հերթական լավ օրինակն է և ուղղված է Երևանում ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանը:
Հանդիպման ավարտին ՎԶԵԲ նախագահը վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում համագործակցության խորացմանը՝ ուղղված երկրի տնտեսության աճին, ենթակառուցվածքների և գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի կարողությունների ընդլայնմանն ու կարևորագույն այլ խնդիրների լուծմանը:
Civilnet











