Հայաստանում առկա են բազմաթիվ մարտահրավերներ. այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին` հավելելով, որ ՀՀ նախագահի ու վարչապետի հետ հանդիպմանն առանձնացվել է երկու խնդիր, որոնց լուծմանը բանկը կօժանդակի:
ՎԶԵԲ-ի նախագահը կարևորեց տնտեսական աճի շարունակակության ապահովումը և նշեց, որ բանկը միջոցներ կհատկացնի փոքր ու միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Ըստ Չակրաբարտիի` վերջիններիս համար կարևոր է ազգային արժույթով վարկային միջոցների ներգրավումը, և ՎԶԵԲ-ը կփորձի Հայաստանին հատկացվելիք վարկային միջոցների մի մասը տրամադրել հենց ազգային արժույթով:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունների հետ քննարկվել է նաև, թե ինչպես կարող է ՎԶԵԲ-ը օժանդակել Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Ըստ Չակրաբարտիի` Հայաստանը վերջին տարիներին գործարար միջավայրը բնութագրող մի շարք ցուցանիշներով առաջընթաց է արձանագրել, սակայն կոռուպցիայի ընկալման համաթիվը շարունակում է մնալ բարձր:
ՎԶԵԲ-ը Հայաստանին կօժանդակի տեսչական բարեփոխումների իրականացման հարցով: Չակրաբարտին նշեց, որ մինչև տարեվերջ բանկը, ընդհանուր առմամբ, Հայաստանին կտրամադրի $120 մլն: Միջոցների մի մասը բանկային համակարգի միջոցով կուղղվի ՓՄՁ-ների վարկավորմանը:
Անցած տարի ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրել է €94 մլն-ի ծրագիր:
Civilnet











