ԱՊՊԱ ոլորտում այս տարի ներդրվեց «բոնուս-մալուս» (զեղչերի և հավելավճարների) համակարգը՝ միայն բոնուսի տեսքով, 2014-ից կգործի նաև մալուսը։ Ավտոապահովագրողների բյուրոն արդեն հաշվարկել է հավելավճարների սանդղակի մեծությունները. դրանք առաջիկայում պետք է հաստատվեն Կենտրոնական բանկի կողմից։
«Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, Սիվիլնեթին մեկնաբանելով զեղչերի և հավելավճարների համակարգի ներդրման առանձնահատկությունները, նշեց, որ համակարգը կոչված է լուծելու ապահովագրավճարների արդար բաշխման խնդիրը։ «Բոնուս-մալուսի» ամբողջական գործարկման պարագայում վարորդները, որոնք ավելի շատ են սեփական մեղքով հայտնվում ճանապարհատրանսպորտային պատահարներում, կսկսեն ավելի շատ վճարել՝ համեմատ կարգապահ վարորդների։ «Բոնուս-մալուսի առկա նախագիծը չի ենթադրում հավաքագրվելիք ապահովագրավճարների ծավալի աճ, այլ ընդամենը կատարում է բաշխման ֆունկցիա, ուստի այն որևէ կերպ չի կարող անդրադառնալ համակարգի վնասաբերության մակարդակի վրա»,- ասաց Օհանջանյանը։
Հարցին, թե արդյոք ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված 78% վնասաբերությունը այն մակարդակն է, որը երաշխավորում է ապահովագրական ընկերությունների բնականոն գործունեություն, հատկապես, երբ հենց ոլորտում կրիտիկական ցուցանիշ նշվում է 70%, Օհանջանյանը նշեց, որ համաձայն է ԱՊՊԱ համակարգում վնասաբերության կրիտիկական մակարդակի 70% գնահատականի հետ։
«Միաժամանակ կարելի է հստակ ասել, որ վնասաբերության փաստացի ավելի բարձր ցուցանիշը թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ հատվածում չի կարող որևէ կերպ անդրադառնալ հայաստանյան ապահովագրական ընկերությունների բնականոն գործունեության վրա: Ի սկզբանե, ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված վնասաբերության 78% ցուցանիշը կարող էր լինել տրամաբանական և արդարացի, եթե համակարգը այս աստիճան չպարզեցվեր»,- պարզաբանեց Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ համեմատելով այլ երկրներում նմանօրինակ համակարգերի գործունեության հետ, կարելի միանշանակ արձանագրել, որ Հայաստանում գործող ԱՊՊԱ համակարգը «ամենասպառողամետն» է։ «Փաստը, որ մեր քաղաքացիները բավական պարզեցված և առանց խոչընդոտների օգտվում են ԱՊՊԱ համակարգից, և համակարգի հետ կապված բողոքների քանակը այսօր, կարելի է ասել, չնչին է, ուրախացնում է։ Բայց պետք է նաև հիշել, որ այդ ամենը պահանջում է լրացուցիչ ծախսեր»,- ասաց նա։
Հարցին թե ի՞նչ քայլերի միջոցով է հնարավոր նվազեցնել ոլորտի վնասաբերությունը, Օհանջանյանը նշեց, որ ԱՊՊԱ համակարգը վերջնական ու ցանկալի վիճակի բերելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի քայլ՝ ապահովագրավճարների արդար բաշխման մեխանիզմների ներդրում, խարդախությունների դեմ պայքարի հստակ մեխանիզմների մշակում և իհարկե՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացում։
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Civilnet











