Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն ընդունել են նախագահական նստավայրի մոտ իրենց աշխատավարձի վճարման պահանջով հավաքված` «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցների:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, գործարանի աշխատակիցներին խոստացել են հուլիսի վերջին վճարել մեկ ամսվա աշխատավարձ և մեկ ամսվա աշխատավարձ էլ` օգոստոսի վերջին: Սակայն աշխատակիցները պահանջում են առնվազն երեք ամսվա աշխատավարձ:
Քիմիական հսկայի աշխատակիցները դժգոհ են այս որոշումից և նշում են, որ չեն պատրաստվում հեռանալ նախագահականի մոտից:
Գործարանի աշխատակիցները նույն պահանջով ապրիլի 29-ին կրկին հավաքվել էին կառավարության շենքի, այնուհետ նախագահի նստավայրի մոտ:
Գործարանի աշխատակիցներին այդ ժամանակ խոստացել էին վճարել երկու ամսվա աշխատավարձ:
Նշենք, որ «Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված ավելի քան 2 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:
Civilnet











